211652_close_icon

Գարշահոտ վիճակ՝ Աբովյանում. բնակիչներն ասում են. «Ինչքան էլ մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանն իր թիմով աշխատանքներ է կատարում քաղաքը շենացնելու համար, միևնույն է, «Վեոլիա ջրի» պատճառով 5 ամիս է մի ամբողջ թաղամասում կա խոլերայի վտանգ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count295 դիտում article-date 11:50 01-10-2025
Արդեն մի քանի օր է՝ Աբովյան քաղաքի հազարավոր բնակիչներ ահազանգում են SHAMSHYAN.com և իրենց արդարացի դժգոհությունն ու զայրույթն են հայտնում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին՝ ասելով, որ այդ ընկերությունում կարծես միտումնավոր իրենց՝ բնակիչներին, պահում են գարշահոտի մեջ։ 

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեծ թվով քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«5 ամիս է՝ էս Երիտասարդական փողոցում տիրում է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ։ 5 ամիս է՝ «Վեոլիա ջուրը» մեր գլխին դարձել է պատուհաս, լրիվ փորձանք, 5 ամիս է՝ մեր ներվերը սղոցում են, ոչ մի աշխատանք չեն կատարում էս կեղտաջրի դեմն առնելու համար։ 24 ժամ ռեժիմով էս հոտն ենք շնչում։  Ով է տեսել 21-րդ դարում մի քանի մետր տրուբա փոխելու համար այն ձգձգվի 5 ամիս, ու չգիտենք էլ ինչքան կտևի։ Արդեն էդ «Վեոլիա ջրի» մեր մասնաճյուղի վրա աբովյանցիներս հումոր ենք հնարել։ Դրանք դարձել են լրիվ խաբեբա։ Դուրս են եկել գործ անելու ու էս 5 ամիս ա հօդս են ցնդել։ 

Թասիբն էլ լավ բան ա, թողնես «Վեոլիա ջուրը» մենակ փողերը գանձի։ Կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց փոխարենը զրո սպասարկում»։

Ֆոտոլրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք «Վեոլիա ջուրն» է, գուցե ջրային կոմիտեն կամ այլ կառույց  է պատասխանատուն, քաղաքացիները պնդում էին. «Ոչ, «Վեոլիա ջուրն» է ու իրենց փնթի աշխատանքի արդյունքում է, որ էս վիճակում ենք հայտնվել։ Հլը Աբովյանում բազմաթիվ փողոցներ ու բակեր մտեք։ Տեսեք մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը կառավարության աջակցությամբ ու իր թիմով ոնց են օր օրի Աբովյանը շենացնում։ Ասֆալտապատ ճանապարհները արդեն ավելացել են, մինչ այդ մարդաբոյ փոսեր էին։ Հիմա ուզում ենք, որ մեր Երիտասարդական փողոցն էլ բարեկարգվի, մարդաբոյ փոսերը վերանան, մայթերը կարգի բերվեն, բայց ճշտել ենք՝ այս պահին Աբովյանի քաղաքապետարանը ինչքան էլ մեծ ցանկություն ունենա գործն ավարտին հասցնելու, չի կարող, քանի որ «Վեոլիա ջուրը» քար անտարբերություն է ցուցաբերում։ Օրինակ այս ժամին պետք է «Վեոլիա ջրի» աշխատակիցները այստեղ լինեին և իրենց գործը կատարեին, բայց չկան։ Բա էսքանից հետո ոնց չասես՝ դուք սպառողի մասին մտածո՞ւմ եք։ Սպառող, որի տված գումարների հաշվին եք աշխատավարձ ստանում։

Անկեղծ ասած որոշել ենք, եթե 2-3 օրերի ընթացքում «Վեոլիա ջուրը» խոսքից չանցնի գործի, դիմելու ենք կտրուկ միջոցների, մեր ու մանուկ, ահել - ջահել դրանց գրասենյակը շրջափակելու ենք ու այնքան ենք փակ պահելու, որ դրանք իրենց ուղեղներին զոռ տան ու էդ խնդիրը լուծեն։

Մահանա են բռնում ինչ-որ ավտոտնակ։ Էդ ավտոտնակի կողքով մի 2-3 մետր նոր խողովակ եթե անցկացնեն, խնդիրը 2 օրում կլուծվի»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամբողջ կեղտաջուրը մոտ 1.5 կիլոմետից ավել հոսում ու անցնում է բնակելի շենքերի, հարևանությամբ գործող խանութների, կրպակների, այդ թվում սննդի կետերի, գեղեցկության սրահների, ավտովերանորոգման կետերի մոտով, ու այդ ամբողջ տարածքում պիտի կրես հակագազ, որպեսզի չթունավորվես։

Այստեղ իրենց վճռական խոսքը պիտի ասեն նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ինչու չէ նաև Սննդի անվտանգության տեսչությունը, որովհետև այդ կեղտաջրերը հոսում են սննդի կետերի մոտով, ինչը ցանկացած քաղաքակիրթ երկրում անընդունելի է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր