211652_close_icon

Պայթյուն՝ Երևանի Այասի 112 հասցեում գտնվող շինություններից մեկում. կա 4 վիրավոր. մի քանի սենյակներում հայտնաբերվել են արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3428 դիտում article-date 16:48 30-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիներ՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են Այասի 112 հասցեից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները և ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից հիվանդանոցներ են մեկնել քննիչները։ 

Այս պահին համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են վիրավորների ինքնությունը և ում է պատկանում այդ տարածքը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տարածքը հիշեցնում է կիսակառույց, փնթի մի շինություն, որտեղ հավանաբար աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել, թե ինչից՝ պարզվում է։

Իսկ պայթյունի հետևանքով կոտրվել են պատուհանի ապակիները և առաստաղի վրա փակցված պլաստմասե կոնստրուկցիաները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր