211652_close_icon

Գեւորգ Հարությունյանն ասել է՝ իր ընկերը մահացել է Վալոդյա Գրիգորյանի պատճառով. ՔԿ նախագահը մանրամասներ պատմեց

views-count3802 դիտում article-date 22:47 29-09-2025
Մենք ունենք ցուցմունքներ, որ դեպքից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանը իրեն պատկանող շինության տարածքում կրակ է արել, տարան, որտեղ հայտնաբերվել են այդ հագուստները, արել է Նարեկ Օհանյանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29–ին, Հ1–ին տված հարցազրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։

«Նարեկ Օհանյանը, գիտակցելով, ար առաջին կասկածյալն ինքն է լինելու, ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջեւ, որ հերքվի իր վարկածը։ Մենք այնուհետեւ հայտնաբերեցինք մարզասրահի քարտը, քարտի տերը ցուցմունք տվեց, որ դեպքից օրեր առաջ պայուսակը տվել է հանցանք կատարած անձին։ Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ։ Ասել է, որ պատճառը վրեժխնդրությունն է, ինքը մտերիմ է եղել Գրիգոր եւ Նարեկ Օհանյանների հետ, իր կարծիքով, իր ընկերը մահացել է Վալոդյա Գրիգորյանի մտերիմների կողմից եւ այդ ամենի մեջ մեղադրում է Վալոդյա Գրիգորյանին։ Մեղադրյալը մեկ ամիս հետեւել է, իմացել է՝ տան որ մասն է տեսագրվում։ Նարեկ Օհանյանը հրաժարվում է ցուցմունք տալ, նշում է՝ որեւէ առնչություն չի ունեցել»,– ասաց Արթուր Պողոսյանը։

Նշենք, որ երկրորդ մեղադրյալը 20–ամյա Գեւորգ Հարությունյանն է, Մերձավանի բնակիչ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում զինված հարձակման դեպքին, որի հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստրասբուրգում լրագրողների հետ զրույցում վարչապետը խոսեց գործի ընթացքի մասին, ինչպես նաև խափանման միջոցների ընտրության խնդիրների վերաբերյալ։ 
Հարցին, թե արդյոք նա անհրաժեշտ հետևությունները արե՞լ է դեպքի հետ կապված, վարչապետը դրական է պատասխանել։   

«Այո։ Տեսանելի է, որ նաև պաշտոնանկություններ են եղել։ Փետրվարին իրադարձություններ են եղել Փարաքարում, զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա, և դատավարությունը ընթանում է։ Մեղադրյալների մի մասը կալանքի տակ չէ, մյուս մասը՝ տնային կալանքի տակ է, մեկ հոգի է, որ կալանքի տակ է։ 

Մյուս կողմից՝ քննարկում ենք, թե՞ ինչքանով մեր բանտերը պետք է ծանրաբեռված լինեն։ Դեպքեր ունենք, երբ հանցագործություն են կատարում մարդիկ, որոնք այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Եվ մեր քննչական մարմիններն էլ, ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում են։ Ասում են՝ ինչու պետք է պատասխանատվությունը միայն ոստիկանության վրա լինի այն դեպքերում, երբ, ինչպես հետագայում պարզվում է, մեղմ խափանման միջոցներ են կիրառվել դատարանների կողմից  և դրա հետևանքով ազատության մեջ գտնվող մարդիկ նորից հանցագործություն են անում»,- ասաց վարչապետը։ 
Փաշինյանի խոսքով՝ խնդիրը նաև ընկալումների մեջ է։

«Մեր ավանդական ընկալումն այն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ-որ պրոցես կա, իսկ եթե ազատության մեջ է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է։ Մենք պետք է հասկանանք՝ ինչքա՞ն և ի՞նչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել և ո՞ր դեպքերում է, որ կարելի է այլընտրանքային խափանման միջոց ընտրել։ Սրանք լուրջ պրոբլեմներ են, որոնց պատասխանները պետք է գտնենք։ Բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետև մյուս կողմից ասում են՝ սա բռնապետություն է, իշխանությունը բանտերը լցնում է մարդկանցով, մյուս կողմից ասում են՝ ամենաթողություն է։ Սրանք լուրջ դիլեմաներ են»,- եզրափակեց նա։

Ավելի վաղ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում խստորեն դատապարտել էր միջադեպը և ընդգծել, որ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի միջադեպը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ 

«Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»,- հավելել էր նա։

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է  Նարեկ Օհանյանը, որը  փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Դրանից մեկ օր անց ձերբակալվել էր նաև Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել էր, որ ինքն է կատարել սպանությունը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, կրակոցներ ու սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք: 

Կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կա մեկ վիրավոր: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր