211652_close_icon

Կրակոցներ՝ Մերձավանում. կա 2 զոհ, 1 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր. մահացածները Փարաքարի համայնքապետն ու ոստիկանության օպերլիազորն են. ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count163637 դիտում article-date 01:05 24-09-2025
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, կրակոցներ ու սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: 

Ոստիկանության Վաղարշապատի բաժին է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչութան պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Արմավիրի քրեական վարչության պետ Արթուր Բդոյանը:

Ժամանել են նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի Երևանյան խճուղում հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գլխարկ, կոշիկ, բջջային հեռախոս և «Nissan» մակնիշի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք: 

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
 
Տեղում աշխատում է նաև Քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով հիվանդանոցում մահացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորը: Կա մեկ վիրավոր: 
 
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 278+
278+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր