211652_close_icon

Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի վերաբերյալ հերթական նյութերն են կազմվել և փոխանցվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե

views-count1129 դիտում article-date 11:06 13-09-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024 թվականի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարության Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի կողմից որպես պահեստազորային Կոտայքի մարզի Արզնի բնակավայրի բնակիչ 31-ամյա Արա Ց.-ին է ուղարկվել ծանուցում՝ 25-օրյա վարչական հավաքներին մասնակցելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստական տվյալներով պարզվել է, որ Արզնիի համայնքապետարանի կողմից, ի դեմս համայնքապետ, Արզնի գյուղի բնակիչ 47-ամյա Ֆելիքս Միրզոևի կողմից տրված տեղեկանքի, հայտնել են, որ Արա Ց.-ն 2024 թ. ընթացքում բացակայել է երկրից, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տեղեկատվության համաձայն Արա Ց.-ն գտնվել է Հայաստանում։

Դեպքի առթիվ կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու համար՝ արդյոք Արզնու համայնքապետ Ֆ. Միրզոևը կապ ունի՞ նշված գործի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 15-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողների հետ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվում, որ Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքի ղեկավար 46-ամյա Ֆելիքս Միրզոևը, իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, ապա անօրինական համաձայնության գալով Արզնի համայնքի բնակիչներ 46-ամյա Ա. Դ.-ի, 36-ամյա Ա. Ս.-ի և 35-ամյա Դ. Վ.-ի հետ, այս տարվա մարտի 24-ին կայացած ձևական աճուրդի միջոցով վերջիններիս շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով, 25 տարի ժամկետով վարձակալական հիմունքներով տրամադրել է համապատասխանաբար 0.245 հա մակերեսով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 80 հազար դրամ գումարով, 0.30716 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 300 հազար դրամ գումարով և 0.12 հա մակերեսով նպատակային նշանակության հողատարածք՝ տարեկան 150 հազար դրամ գումարով, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերի պատճառվել է խոշոր չափերի գույքային վնաս։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր