211652_close_icon
views-count1977 դիտում article-date 14:06 03-10-2019

Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը. կլինի միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե

Կառավարությունն այսօր ընդունեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այսպիսով, ըստ հիմնավորման՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցման, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը: Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը: Վարչապետը, արձագանքելով քննադատություններին, թե այս նախագծով թուլացնում են Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, նշեց, որ ճիշտ հակառակը՝ ուժեղացնելու են: «Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունն ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այս նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց, լուրջ խորքային, բովանդակային գործառույթներով: «Ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար»,- ասաց նա և նշեց, որ նույն խնդիրը դրվում է Ոստիկանության համար, ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անտանգությունը ապահովելու իմաստով:

Նմանատիպ նյութեր