211652_close_icon

Արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում անձնվեր ծառայության համար նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին

views-count2635 դիտում article-date 16:17 04-08-2025
Հուլիսի 28-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արարատի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

Վաղ առավոտյան նախարար Սարգսյանը մասնակցել է Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրահանգավորմանը։

ՆԳ նախարարը պարեկներին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը միջպետական ու համայնքային ավտոճանապարհներին՝ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու և տուժողների թիվը նվազագույնի հասցնելու նպատակով։ Հանձնարարել է նաև ծառայության ընթացքում ոստիկանության գործառույթներին չվերաբերող խնդիրներ նկատելիս պատշաճ արձագանքել ու տեղեկացնել Օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի խնդրին լուծում տալու նպատակով տեղեկացվեն նաև պատկան մարմինները։

ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ անդրադառնալով առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ Ըստ այդմ, մարզում աճել են լատենտային հանցագործությունների թիվը, ինչը պայմանավորված է դեպքերի բացահայտման աճով, նվազել են՝ հրազենի ու որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ կատարված դեպքերը։

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում գրանցված 664 հանցանքից բացահայտվել է 562-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտման աճով։

Համայնքային ոստիկանության Արարատի բաժնում գրանցվել է հանցագործության 163 դեպք, բացահայտվել՝ 136-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցանքները, աճել՝ կառավարման կարգի դեմ ուղղվածները։

Ընդհանուր պատկերում ամենաբարձրը Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի բացահայտումների ցուցանիշն է։ Անցած 6 ամսվա ընթացքում գրանցված 241 դեպքից բացահայտվել է 218-ը։ Չբացահայտված դեպքերի թվում կան սեփականության դեմ ուղղված ոչ մեծ ու միջին ծանրության հանցանքներ։ Բաժնի սպասարկման տարածքում անչափահասի մասնակցությամբ դիտավորությամբ կատարված հանցագործություն չի արձանագրվել։

Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում գրանցված 359 դեպքից բացահայտվել է 307-ը։

Աճել են հասարակական կարգի դեմ ուղղված հանցանքները, սեփականության դեմ ուղղվածների պատկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նույնն է, իսկ մարդու առողջության դեմ ուղղված հանցանքները նվազել են։

Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 7677 ահազանգ՝ 1298-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Արարատի պարեկները կազմել են ընդհանուր 33․778 արձանագրություն՝ 35-ով պակաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, նրանք բացահայտել են 399 հանցանք, որոնցից 34-ը ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։

Արփինե Սարգսյանն, անդրադառնալով մարդու դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրությանը, հանձնարարել է ակտիվացնել կանխարգելիչ միջոցառումները կոնֆլիկտային հարաբերություններ ունեցող անձանց շրջանում՝ միջանձնային խնդիրների հնարավոր հանցավոր հետևանքները կանխելու համար։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև մարզի քրեական ոստիկանների՝ բնակարանային գողությունների և ապօրինի հանքարդյունաբերության բացահայտումներին՝ դրական գնահատելով կատարված աշխատանքը։ Նա միաժամանակ հանձնարարել է այդ ուղղություններով իրականացնել խորքային վերլուծություն և առաջիկա միջոցառումներն ակտիվ շարունակել՝ հիմնվելով վերլուծությունների վրա։

ՆԳ նախարարը Համայնքային ոստիկանության Արարատի մարզի տարածքային բաժինների աշխատակիցներին հանձնարարել է ակտիվացնել շփումները բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, անչափահասների շրջանում տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում՝ պարբերական դարձնել այցելությունները ուսումնական հաստատություններ՝ այդ կերպ իրականացնելով և՛ կանխարգելում, և՛ առկա խնդիրների գույքագրում։

Արփինե Սարգսյանը առանցքային է համարել մի շարք ուղղություններով գործնական քայլերի ձեռնարկումը, ինչպիսիք են՝ անկախ ծառայության բնույթից համագործակցված աշխատանքը, ներքին համագործակցությունից զատ՝ նաև իրավապահ այլ կառույցների հետ փոխգործակցությունը, օպերատիվ-վերլուծական ու փաստաթղթաշրջանառության կարողությունների զարգացումը, քննչական մարմինների հետ համատեղ անհրաժեշտ ապացուցողական բազա ձևավորելը՝ ցանկացած ծանրության հանցանքով։

ՆԳ նախարարը վերահաստատել է իր մոտեցումները՝ յուրաքանչյուր իրավախախտման նկատմամբ դրսևորել օբյեկտիվ մոտեցում, բացառել խտրական վերաբերմունքը՝ առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով։

Քննարկման առարկա են դարձել նաև կադրային համալրումներին, գործող ծառայողների վերապատրաստումներին ու առաջխաղացմանը, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, շենքային ու նյութատեխնիկական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր։

Ծառայության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հատկացվել է էլեկտրոմոբիլ։ Նախատեսվում է առաջիկայում էլեկտրոմոբիլներ հատկացնել նաև Համայնքային ոստիկանության Արարատի մարզի տարածքային բաժիններին։

Այնուհետև Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում օպերատիվության ու ներդրած ջանքի համար։

Նույն օրը նախարար Սարգսյանը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Արտաշատի բաժին ու քաղաքացիներից հետաքրքրվել մատուցվող ծառայությունների որակի մասին։

Նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Արտաշատի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում և հաղորդակցվել քաղաքացիների հետ, որոնք դրական են գնահատել մատուցվող ծառայությունների որակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր