211652_close_icon

Սառցե շոու՝ նվիրված Արցախի հերոս Ալեն Մարգարյանին

views-count2455 դիտում article-date 20:24 30-07-2025
Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, պատմում է «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ի մասին, որը հիմնվել է ի հիշատակ նրա որդու:

«Այն իմ նախաձեռնությամբ և համակարգմամբ արդեն 4 տարի գործում ու հարյուրավոր ծրագրեր է կյանքի կոչում։ Ուսումնատենչ ու շնորհալի երիտասարդները գտնվում են բարեգործական ՀԿ-ի ուշադրության կենտրոնում և նրանցից շատերը «Ալենյան» կրթաթոշակների շահառու են։ ՀԿ-ի մշտական ուշադրության կենտրոնում են նաև հաշմանդամություն և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքի անդամները։

ՀԿ-ի հովանավորությամբ և նախաձեռնությամբ կյանքի են կոչվել Ալենի անունն ու գաղափարախոսությունը կրող բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այդ թվում՝ «Իմ Ընկեր Ալենը» համադպրոցական ընթերցանության մրցույթը: ՀԿ-ի ֆինանսական միջոցներով և ջանքերով հիմնադրվել է ԸՆԹԵՐՑԱՍԵՐԸ պուրակը, որտեղ էլ տեղադրվել է ԳՐՔԱՍԵՐԸ քանդակը։ Ընթերցանությունը ՀԿ-ի կողմից խրախուսվում է նաև գրքերի նվիրատվությամբ։ Հանրապետության դպրոցներն ու գրադարանները հարստացել են հերոսի և այլ երիտասարդ ստեղծագործողների հազարավոր գրքերով»,- պատմում է նա։

Ըստ Նազելի Տերտերյանի՝ «Ալեն Մարգարյան» հասարակական կազմակերպությունը իր առջև վեհ նպատակ է դրել կրթամշակութային և ուսումնադաստիարակչական ծրագրեր կյանքի կոչելով նպաստել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործին՝ հնարավորինս օժանդակելով նրանց դառնալ աշխարհի բարեկիրթ, գրագետ ու նպատակասլաց քաղաքացի։ Այն, ինչն Ալենը համարում էր իր առաքելությունն ու ամենօրյա աշխատանքը՝ կրթության և մշակույթի ոլորտում բարեփոխումների իրականացումը, ուսումնատենչ երեխաներին ու տաղանդաշատ երիտասարդներին մոտիվացնելը և խրախուսելը։

«Յուրաքանչյուր նախագիծ, որ ստեղծված է մեր կազմակերպության կողմից, լրջագույնս և մանրակրկիտ մշակված է, նրանցից յուրաքանչյուրն ունի իր նպատակը, ծառայում է մի գաղափարի, որոնք բոլորն էլ չափազանց կարևոր են, ուստի որևէ մեկին նախապատվության տալ չէի ուզի։ Այն, որ մեր նախաձեռնությունները օգնում են հավատալ երազանքներին՝ ստիպում է առաջ շարժվել ամենքիս»,- պատմում է հերոսի մայրը:

Իսկ դեկտեմբերի 20-ին և 21-ին Երևանում կանցկացվի գեղեցիկ սառցե շոու-ծրագիր, որը կոչվում է «Ալենի կախարդական հեքիաթը» և նվիրված է Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր Ալեն Մարգարյանի հիշատակին։

Սառցե շոուի ձևաչափին անդրադառնալով՝ Նազելի Տերտերյանը մանրամասնում է. «Սառցե շոուի ձևաչափը պատահական չէ ընտրված։ Ես մանկուց սիրահարված եմ գեղասահքին, կասեմ ավելին՝ գեղասահքով զբաղվելը իմ չիրականացած երազանքներից է: Եվ ներկայացավ իմ երազանքն ու Ալենի ստեղծագործությունը միավորելու հիանալ առիթ: Հատկանշական է այն, որ մինչ այս հայ հանդիսատեսի դատին են հանձնվել սառցե ամանորյա շոուներ, որոնց հիմքում եղել են այլազգի ստեղծագործողների աշխատանքներ, իսկ այս շոուով, հայ մշակույթի մեջ առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի սառույցի վրա մի գունեղ և չքնաղ ներկայացման: Կարծում եմ, դա ուղղակի հրաշալի է։

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ համանուն հեքիաթի մոտիվներով նկարահանվում է մուլտֆիլմ՝ Սոյուզմուլտֆիլմի կողմից, և չի բացառվում, որ առաջիկա տարիներին Ալենի հեքիաթներից շատերը դառնան գեղեցիկ ներկայացումներ կամ մյուզիքլներ»:

Իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, Ալենի մայրը նշում է, որ ինչպես ցանկացած նոր նախագծի, այս նախագծին ևս մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում, քանզի որդու «Լեգենդ ամանորյա կախարդանքի մասին» հրաշալի հեքիաթը շուտով կդառնա մի լուսավոր ներկայացում. «Հայ մանուկները և, ինչու ոչ՝ մեծերը հնարավորություն կունենան վայելելու հայկական ամանորյա գեղեցիկ հեքիաթը սառույցի վրա: Հեքիաթ, որն իր հմայքով մարդկանց հոգիները կպարուրի լույսով: Ես վստահ եմ, որ այն կսիրվի բոլոր կողմից և երկար տարիներ տարբեր սերունդներ հաճույքով կդիտեն այն, քանզի այս հեքիաթը բարության և հավատի մասին է, երբեք չհանձնվելու և նպատակասլացության մասին է, և, ի վերջո, ներողամտության ու վեհության մասին է: Որպես այս նախագծի Մեկենաս, ուզում եմ, որ այն փոխանցվի մարդկանց ա՛յն տեսքով, որին հավատում էր Ալենը»։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր