211652_close_icon
views-count1405 դիտում article-date 19:34 22-11-2022

Արցախի պետական նախարարը հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին

 Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 22-ին այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում,  ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին: Ինչպես հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, խոհրդակցությանը մասնակցել են նաև Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային  ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է  44- օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:

Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով  և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:

Խորհրդակցությունից հետո  պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների,  վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների  ղեկավարների հետ:

«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը,  բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է: Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե  ինչպես  եք  դուք այստեղ պատկերացնում դրանց  լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»,- նշել է պետնախարար:

Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների  կողմից բարձրացված  խնդիրները,  որոնք վերաբերել են,  մասնավորապես,  ճանապարհաշինությանը,  գյուղտեխնիկայով ապահովվածությանը,  բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: 

Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել  համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները:

«Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց  կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ  բարձրացված հարցերն  ուսումնասիրվելու են,  քննարկվելու են դրանց լուծման հնարավորությունները:

Այցի շրջանակում Ռուբեն Վարդանյանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանոթացել պայմաններին, ուսումնական գործընթացին,  տնօրեն  Արտակ Սարգսյանի հետ  քննարկել զարգացման հեռանկարները:

Պետնախարարը  ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական  բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:

Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին:

Նմանատիպ նյութեր