211652_close_icon

Լոռու մարզը ցնցած՝ «Էվոկա բանկ»-ից 80 մլն ՌԴ ռուբլին ավազակության փորձով հափշտակելու դեպքը բացահայտվել է Լոռու մարզի քննիչների և բանկի աշխատակիցների շնորհիվ, մինչդեռ մարզի քրեական ոստիկանությունը փորձում է դափնիները իրենով անել

views-count68924 դիտում article-date 13:21 25-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկույթուններով օրեր առաջ Վանաձոր քաղաքում «Էվոկա բանկ»-ից ավազակային հարձակման փորձ կատարելու եղանակով 80 մլն ՌԴ ռուբլի հափշտակելու փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանգացործությունը բացահայտվել է նշված բանկի աշխատակիցների և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների շնորհիվ և վերջիններիս կատարած աշխատանքի արդյունքում է, որ կասկածյալը ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 15-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, «Էվոկա բանկ»-ի Վանաձոր մասնաճյուղ է մտնում Լոռու մարզի բնակիչ 33-ամյա մի տղամարդ, ով բարձրանում է երկրորդ հարկ, ներս է մտնում տարածք, որտեղ նա չպետք է կարողանար մտնել (հավանաբար այստեղ էլ բանկի աշխատակիցների անփութությունն է եղել պատճառը), ապա այդ տղամարդը այնտեղից հափշտակում է ինկասացիայի համար նախատեսված ու օգտագործվող կապարակնքված հատուկ պարկը, որի մեջ է լինում 80 միլիոն ՌԴ ռուբլի։

Բանկի մասնաճյուղի անվտանգության աշխատակիցը մեկ այլ հաճախորդի հետ ճիշտ կողմնորոշվելով հետապնդում են այդ տղամարդուն, ով, դուրս գալով բանկի մասնաճյուղից, հասնում է Գրիգոր Լուսավորիչ փողոց և փորձում է նստել իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, սակայն բանկի անվտանգության աշխտակիցն ու հաճախորդ քաղաքացին հասնում են նրան, որտեղ էլ սկսվում է քաշքշոց, որի ընթացքում էլ բանկը թալանողը իր մոտ եղած արցունքաբեր գազը փչում է նրանց վրա, սակայն բանկի անվտանագության աշխատակիցն ու քաղաքացին, վտանգելով իրենց կյանքը, հաջողացնում են ստահակից խլել պարկը, իսկ ազակային փորձ կատարողը իր մեքենայով դիմում է փախուստի։ 

Արդեն տեղեկությունը փոխանցվում է իրավապահ մարմիններին ու մինչև Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, կփորձեին ոչ թե օպերատիվ ճանապարհներով, այլ հույսները դնելով տեսախցիկների վրա, դուրս գալ հետքի վրա, «Էվոկա բանկ»-ի Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցները և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ պարզում են կասկածյալի ինքնությունը ու տանում են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում էլ հուլիսի 23-ին կասկածյալը ինքնակամ ներկայանում է իրավապահներին։

Քննիչի որոշմամբ նախ ձերբակալվում է, իսկ արդեն հուլիսի 24-ին քննիչը միջնորդություն է ներկայացնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում տա կասկածյալին։

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարում է քննիչի միջնորդությունը, սակայն խափանման միջոց է ընտրում տնային կալանքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև «Mercedes» մակնիշի ավտոմեքենան, որի խուզարկությամբ հայտնաբերվել է նրա կողմից օգտագործած արցունքաբեր գազի բալոնը, իսկ խցիկի թաքստոցում գազային ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարակում, սակայն միանշանակ է, որ հանցագործությունը բացահայտվել է «Էվոկա բանկ»-ի անվտանգության աշխատակիցների և Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողմից, մինչդեռ Լոռու մարզային քրեական վարչությունը՝ վարչության պետ Ա․ Ոսկանյանի գլխավորությամբ, փորձում է հանրությանը մոլորեցնել, թե տեսեք-տեսեք, մենք ենք բացահայտել դեպքը։

Էստեղ էն ասում, ինչքան Շիրակի մարզում Ա․ Ոսկանյանը կարողացավ պայքարել քրեական հանցագործությունների դեմ, հիմա էլ նույն վիճակն է Լոռիում ու իզուր չէ, որ ժովուրդը ասում է՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր