211652_close_icon

Իշխանափոխության օբյեկտիվ հիմքեր և իրական շանսեր են հայտնվել

views-count802 դիտում article-date 22:30 22-07-2025
Արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորելիս, քաղաքական գործիչները մատնանշում են, որ ԱԺ-ն չի արտացոլում հանրության քաղաքական նախասիրությունները։ Օրինակ՝ եթե հանրության 5 տոկոսից ավելին կարծում է, որ պետք է լինեն լյուստրացիա և դեսովետիզացում, Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, անկախության պաշտպանության համար իրական քայլեր անի, դուրս հրավիրի ռուսական ռազմակայանը, բայց ԱԺ-ում այդպիսի դիրքորոշումներով, առաջարկներով, նախաձեռություններով հանդես եկող պատգամավորներ չկան, ապա այս անհամապատասխանությունը հիմք է ենթադրելու, որ ԱԺ-ն չի արտացոլում հանրային իրական տրամադրությունները։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից հունիսի 16-ից 25-ը իրականացված հարցման արդյունքներով՝ ՀՀ քաղաքացիների 49 տոկոսը վստահ է՝ երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ։ Քաղաքական գործիչներից ամենաբարձր վարկանիշն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝13 տոկոս։ 2024 թվականին նրան վստահում էր 16 տոկոսը։ Իշխող ՔՊ-ի վարկանիշը 17 տոկոս է, նախորդ սեպտեմբերին արձանագրված 20 տոկոսի փոխարեն։ Գրում է «Ազատությունը»։

Արդյո՞ք հանրային կարծիքի այս պատկերի և ԱԺ ուժերի դասավորության անհամապատասխանությունը արտահերթ ընտրությունների անցկացման և քաղաքականության փոփոխման համար հիմք է։

Օրեր առաջ Եվրոպական խորհրդարանը X-ում գրել է, որ ԵԽ-ն «չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությանը և հայտարարում է, որ ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը փաստացի կասեցված է մինչև արդար ընտրությունների անցկացումը»։ Սա նման օրինակ է։ Վրաստանի ժողովրդի մեծ մասը կարծում է, որ Վրաստանի ներկայիս կառավարությունը սխալ քաղաքականություն է վարում։ Եվրոպական խորհրդարանն էլ հաշվի առնելով այս հանգամանքը, համարժեք վերաբերմունք է դրսևորում, ակնկալելով, որ Վրաստանը նոր ընտրություններ կանցկացնի և կփոխի կուրսը, իրապես կարտացոլի հանրային տրամադրությունները։

IRI-ի անցկացրած հարցման տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների մոտ կեսը փաստացի ակնկալում է, որ ՀՀ իշխանություններն այլ քաղաքականություն կվարեն։ Եթե այս տրամադրություններն արտացոլվեն առաջիկա 2026-ի ընտրություններում, ապա գալիք ԱԺ-ում այլ ուժեր կհայտնվեն։ Ներկայիս ուժերն, այդ թվում՝ ՔՊ-ն, լրջորեն կվերանայեն դիրքորոշումները։ Փաշինյանի 13 տոկոսանոց վարկանիշը ևս հիմք է ենթադրելու, որ հաջորդ վարչապետը այլ քաղաքական գործիչ կլինի։

ՔՊ-ի և Փաշինյանի ցածր վարկանիշները մտահոգիչ են ոչ միայն իրենց, այլև ժողովրդի համար։ Հաշվի առնելով Փաշինյանի իշխանատենչությունը, կանխատեսելի է, որ քաղաքական գործիչների, պոտենցիալ մրցակիցների, ժողովրդականություն, հանրային հեղինակություն ունեցողների նկատմամբ բռնաճնշումներ կլինեն առաջիկայում։ Փաշինյանը կարող է կարծել, թե պոտենցիալ մրցակիցներին մրցակցությունից հեռացնելով, կարող է ապահվել իր անխոչընդոտ հաղթանակը։

Այսպիսի ռեպրեսիաներով ուղեկցվող ընտրությունների օրինակարգությունը կասկածի տակ կդրվի ժողովրդավարական երկրների կողմից։ Ոչ միայն Եվրոպական խորհրդարանն, այլև ԱՄՆ-ն, ազատ աշխարհի երկրները չեն ճանաչի Փաշինյանի լեգիտիմությունը։ Այս անցանկալի հեռանկարը հաշվի առնելով՝ Փաշինյանը չի կարող համատարած ռեպրեսիաներ անել։

Ոմանք կարող են առարկել այս ենթադրությանը, պնդելով, թե այսօր արդեն զանգվածային բռնաճնշումներ են իրականացվում։ Սակայն բազմափորձ գործիչները կարող են վկայել, որ հանիրավի հետապնդումների միակ արդարացումը ռուսամետության, ռուսական գործակալների դեմն առնելն է։ 13 տոկոս վարկանիշով Փաշինյանը նույն արդարացմամբ է հետապնդումներ իրականացնում։ Եվ 2026-ին էլ կարող է հաղթել միայն իր նման ռուսամետին ու բալանսավորողին։ Այս առումով՝ ՔՊ-ի համար ամենահարմար մրցակիցը Սամվել Կարապետյանն է։

Կարճ ասած՝ IRI-ի հարցումը վկայում է, որ ընտրություններում Փաշինյանին հաղթելու օբյեկտիվ հիմքեր և իրական շանսեր կան։ Եթե քաղաքական համայնքը հրաժարվի ռուսամետությունից, բալանսավորման մասին անտակտ երգերից, հանդես գա անկախության պաշտպանության դիրքերից, ապա զինաթափ կանի Փաշինյանին ու կհաղթի։ Եթե քաղաքական առաջնորդները նաև ազգանվեր, հավակնոտ ծրագրերով հանդես գան, ապա մեծ է հավանականությունը, որ ՔՊ-ն ԱԺ առաջիկա ընտրություններում կհավաքի ամենաշատը 17 տոկոս ու կզբաղեցնի բալանսավորման ջատագով ընդդիմության նիշան, Փաշինյանն էլ կրկին կդառնա ընդդիմադիր պատգամավոր, կքննադատի իշխանություններին։

Թաթուլ Մկրտչյան

 

Նմանատիպ նյութեր