211652_close_icon

Փաստաբաններս քաղաքական գործերով գտնվում ենք իրավաբանական անզորության մեջ. ի սկզբանե գիտենք՝ կանխորոշված է լինելու ապօրինություն. Սերգեյ Հարությունյան

views-count451 դիտում article-date 16:51 14-07-2025
Իրավական համակարգում նկատվում է ակնհայտ կողմնակալություն, իսկ փաստաբանները հայտնվել են փաստացի անզոր վիճակում։ Այս մասին «Դաշնակցականների նկատմամբ բռնաճնշումներ, գործի մանրամասները» թեմայով ասուլիսին ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Մի քանի օր առաջ արդեն անդրադարձել էի այդ խնդրին, բազմիցս մինչ այդ էլ խոսել եմ։ Մենք՝ իրավաբաններս, փաստաբաններս, հատկապես քաղաքական գործերով, այլևս գտնվում ենք իրավաբանական անզորության մեջ։ Վերցնենք Բագրատ Սրբազանի գործը․ ներկայացվեց 16 անձի կալանավորման միջնորդություն, բոլորն էլ կալանավորվեցին: Մինչ այդ անգամ դեռ միջնորդությունները ներկայացված չէին, բայց մենք արդեն գիտեինք, թե որ դատավորների մոտ են բաշխվելու։ Այդպես էլ եղավ՝ X, Y դատավորներ, և բոլորի պարագայում կալանքը տրվեց։ Մասիս Մելքոնյանի դեպքում, օրինակ, մենք բացարկով սկսեցինք․ ասել ենք՝ քաղաքական ակտիվություն դրսևորած մարդն այս գործով չի կարող օբյեկտիվ ու անաչառ լինել, բայց միևնույն է, ունեցանք նույն արդյունքը»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ երբ Բագրատ Սրբազանի հետ խոսել է, Սրբազանը հարցրել է՝ հնարավոր է Միքայել Սրբազանի գործն էլ նորից Մասիս Մելքոնյանին մակագրվի: «Ասացի՝ չէ, Սրբազան, գոնե ձևականությունը կպահեն։ Բայց պարզվեց՝ էդ էլ չպահեցին։ Նույն դատավորին է մակագրվել։ Արդյունքում մենք դառնում ենք անզոր։ Մենք ի սկզբանե գիտենք, որ կանխորոշված է լինելու ապօրինություն։ Գիտենք՝ նույնիսկ վերաքննիչ բողոքների դեպքում որ դատավորների մոտ են գնալու գործերը։ Նույնը եղավ Սամվել Կարապետյանի պարագայում»,- նշեց նա:

Հարությունյանի խոսքով՝ այս ամենի ֆոնին իրենք փաստաբաններով նախաձեռնությամբ հանդես եկան հայտարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի վարքագծի վերաբերյալ։ «Չեմ ուզում երկար անդրադառնալ, բայց երեկ, օրինակ, կարդացի ՄԻՊ հորդորը, որտեղ մենք նորից տեսնում ենք՝ կա անաչառության պակաս։ Եթե վարչապետը ամենավերջին բառապաշարով է արտահայտվում, եթե ԱԺ նախագահը թքում է ու սպառնում է, բայց ՄԻՊ-ի կողմից արձագանք չկա, միայն հորդորներ են հնչում՝ «եկեք խաղաղ ապրենք», նման իրավիճակում մենք այլևս պոլեմիկայի տրամադրություն չունենք։

Մեր փաստաբանական համայնքի այն հատվածով, որ ներգրավված է քաղաքական գործերով պրոբոնո հիմունքներով, մենք մեր կռիվը տվել ենք։ Թեև «կռիվ տալ» ասելը կարող է վաղը հիմք դառնալ վարույթ հարուցելու։ Բայց մենք փաստում ենք՝ հայտնվել ենք իրավաբանական անզորության վիճակում»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ Բագրատ Սրբազանի գործով օրինակ ունեն խտրական, անհավասար պայմաններ։ «Մենք՝ փաստաբաններս, կաղապարված ենք նախաքննական գաղտնիքով, բայց ԶԼՄ-ներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, հետո դա ԱԺ-ում մեկնաբանվում է այլ կերպ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է Գեղամ Մանուկյանի գործին, ապա ըստ նրա, այդտեղ ևս կատարվել է ապօրինություն։ «Անձեռնմխելիություն ունեցող անձի բնակարան խուզարկության են եկել՝ իբր որդու գործի շրջանակում, բայց բռնի կերպով հեռախոս են խլել։ Դա հարիր չէ ո՛չ քննիչին, ո՛չ էլ իրավակարգի բարձրաստիճան ներկայացուցչին։ Սա շատ վտանգավոր նախադեպ է․ եթե առանց ԱԺ համաձայնության հնարավոր է ցանկացած պատգամավորի հարազատի գործով խուզարկություն անել, ուրեմն որևէ մեկի անձեռնմխելիությունն ապահովված չէ»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ վերջին մեկ ամսվա իրադարձությունները մեկ ընդհանուր կոմբինացիայի մաս են կազմում:

«Վերջին մեկ ամսվա իրադարձությունները՝ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Սամվել Կարապետյանը, Դաշնակցությունը, 15-16 նվիրյալ տղաները՝ Արթուր Սարգսյան, Իգոր Սարգսյան և մյուսներ, բոլորը մեկ ընդհանուր կոմբինացիայի մասն են։ Այս իշխանությունն այս ամենով մի քանի խնդիր է լուծում․

Առաջինը՝ հանրությանը ցույց տալ, որ իբր ահաբեկչական խմբավորումներ են ձերբակալել։

Երկրորդը՝ մեկուսացնել եկեղեցու և Վեհարանի հնարավոր պաշտպաններին, որոնք կարող են ընդվզում հայտնել։ Երրորդը՝ վախ սերմանել տնտեսվարողների մեջ, որ որևէ գործարար չհամարձակվի դիրքորոշում հայտնել։ Եվ վերջապես՝ շեղել հասարակության ուշադրությունը՝ հերթական ամոթալի փաստաթուղթը ստորագրելուց առաջ»,- եզրափակեց նա։

Նմանատիպ նյութեր