211652_close_icon

Եթե Հովհաննավանքում տեղի ունեցողից հանում ես Փաշինյանին, այնտեղ ըստ էության չի մնում ոչինչ. Հակոբ Բադալյան

views-count1483 դիտում article-date 09:37 02-11-2025
Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Առավոտյան Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցմամբ տեղի կունենա հերթական միջոցառումը, որ մատուցվում է իբրեւ պատարագ:

Իհարկե որեւէ կերպ զարմանալի չէ, որ Նիկոլ Փաշինյանը շարունակելու էր այդ գործողությունը, քանի որ նպատակը այսպես ասած զուգահեռ իրողություն ձեւավորելն է: Հետեւաբար, դա նշանակում է, որ նա պետք է փորձի իր մասնակցությամբ ձեւավորել այն, քանի որ, եթե Հովհաննավանքում տեղի ունեցողից հանում ես Փաշինյանին, այնտեղ ըստ էության չի մնում ոչինչ:

Եվ, այստեղ է գուցե ընդհանուր այս մեծ խաղում Հայ Առաքելական եկեղեցու «բանալին»՝ հանել պրոցեսից Փաշինյանին: Հասկանալի է, որ խոսքը ֆիզիկապես հանելու մասին չէ: Հանել Փաշինյանին եւ տեսնել հանրությանը, հնարավորինս լայն հանրություն, ու հնարավորինս աշխատել այդ հանրության հետ, պրոցեսում «չտեսնելով» Փաշինյան: Կարծում եմ պատկերացնում եք, որ խոսքը բառի բուն իմաստով չէ, որովհետեւ հնարավոր չի լինելու իհարկե ընդհանրապես չնկատել վարչապետի կարգավիճակ ունեցող պաշտոնյային, որը ի զորու է ստեղծել լրահոս, ստեղծել մեդիաուշադրություն եւ այլն:

Խոսքը հայեցակարգի մասին է, որով պետք է թերեւս առաջնորդվել մեծ խաղի ավելի երկարաժամկետ չափումներում: 

Ընդ որում, սա վերաբերում է հենց եկեղեցուն, եւ ոչ թե այն պաշտպանելու դիրքերից ներկայացող քաղաքական ուժերին: Նրանք թող դիրքորոշվեն այդ պաշտպանության դաշտում, թող տեսնեն Փաշինյանին, քննադատեն նրան, նրա հետ պայքարեն: Նրանց եւ Փաշինյանի հարաբերությունը քաղաքական պայքարի պրոցես է, իր ժանրով ու կանոններով:

Եկեղեցու խնդիրը այդ ամենից վեր լինելն է, հետեւաբար՝ Փաշինյանին պրոցեսից «հանելն» ու նրա փոխարեն հանրությանը «տեղավորելը»: Այդ կերպ, եկեղեցու դեմ պայքարի տակն արդեն չի մնա ոչինչ:
 

Նմանատիպ նյութեր