211652_close_icon

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Արմավիր քաղաքում. կեղտաջրերը լցվում են շենքերի նկուղներ, հոսում բակերով, իսկ «Վեոլիա ջուր»-ը ջայլամի կեցվածք է ընդունել. մոտ 300-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ քայլերի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count5749 դիտում article-date 17:46 01-11-2025
Այն, որ վերջին ամիսներին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը հետևողական կարողանում է ժողովրդի լեզվով ասած՝ ձգել «Վեոլիա ջրի» «գյամերը», ակնհայտ է, և դրա ապացույցը հանրապետության տարբեր մարզերում «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպառողին անհարմար դրության մեջ թողնելու արատավոր երևույթն է։

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է ստեղծվել Արմավիր քաղաքի Մխիթար Հերացի փողոցի 8-րդ և 10-րդ շենքերի բակային հարվածներում, նկուղներում, խաղահրապարակներում ու անգամ բնակիչների կողմից ստեղծված փոքրի այգիներում։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «15 օր է՝ գարշահոտ ենք շնչում, 15 օր է՝ ահազանգում ենք է՛լ «Վեոլիա ջուր», է՛լ Արմավիրի քաղաքապետարան, է՛լ Արմավիրի մարզպետարան, ոչ մի դրական պատասխան։ 15 օր է՝ չգիտենք էլ որ կառույցին դիմենք, որ էս գարշահոտ ու հակասանիտարական վիճակը վերացնեն։ Ով է տեսել՝ 21-րդ դարում նման փնթի աշխատաձև, որի կնքահայրը» մեծն Վեոլիա ջուրն է։ Այ մարդ, կանոնավոր վճարումները կատարում ենք, առանց տրտնջալու, նույնիսկ այն դեպքում ենք վճարում, երբ մեր խնդիրները, կապված ջրի հետ, կամ ինքներս ենք լուծել, կամ մեր Արմավիրի նախկին քաղաքապետ, ներկայիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հիմա պարոն Խուդաթյանին մեր քաղաքից տեղափոխեցին, ուրախ ենք, գոհ ենք, որ վարչապետը գնահատեց նրա աշխատանքը ու ավելի բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակեց, ու նրա՝ Արմավիրի քաղաքապետի պաշտոնից  տեղափոխվելուց հետո մեր էս ամբողջ թաղամասն իր երկու 5-հարկանի շենքերով ու սեփական տներով հայտնվեց քարե դարում։ 15 օր է՝ «Վեոլիա ջուր»-ն ու Արմավիրի քաղաքապետարանն իրար վրա են գցում, իսկ այդ ընթացքում ամբողջ կեղտաջրերը հոսում են ոչ միայն շենքերի դիմացով, այլ նաև լցվում են նկուղներ։ Առանց չափազանցության, անտանելի հոտը հասնում է մինչև 3-րդ հարկի տներ։ Դե խաղահրապարակներում ու փոքրիկ այգիներում էլ խոսք լինել չի կարող. կամ պիտի հակագազով շրջես, կամ էլ պիտի ընդհանրապես դուրս չգաս փողոց։ Հիմա էստեղից միակ հույսներս ում վրա որ կապում ենք՝ Դավիթ Խուդաթյանն է։ Ուզում ենք ինքը կանգնի մեր թիկունքին ու Արմավիրի քաղաքապետարանին, «Վեոլիա ջրին» պարտավորեցնի գան էս անտանելի, ամեն պահի համաճարակի վտանգով լի տարածքում ոչ միայն կեղտաջրերը վերացնեն, այլ նաև փոխեն հին, սովետական տարիներից կառուցված, մի քանի մետր երկարությամբ ջրահեռացման խողովակները։

Եթե կարճ ժամանակում մեր խնդիրը չլուծեցին, հավատացեք՝ կդիմենք ավելի կտրուկ միջոցների, հետո Սասնա Դավթի էպոսի օրինակով  չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»։

Բնակիչները նշում էին նաև ամիսներ առաջ էլ ուժեղ քամու հետևանքով իրենց շենքի տանիքն է ամբողջությամբ ավիրվել. «Թիթեղները իրենց փայտե գերաններով շպրտվել էին ու դրանից հետո Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետի ու Արմավիրի քաղաքապետի հետևողականության արդյուքնում տանիքի կապիտալ կառուցումն արդեն ավարտին է հասցվում, ինչի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում պատասխանատուներին, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանը, Արմավիրի մարզպետարանին ու քաղաքապետարանին։ Բայց էստեղ կա մի շատ վատ բան. եթե տանիքը սրտացավ ու հիմնովին վերանորոգում եք, ո՞ւմ է պետք, որ «Վեոլիա ջրի» ոչ հետևողական աշխատանքի արդյունքում կեղտաջրերը լցվում են նկուղներ, ինչի պատճառով էլ շենքերի հիմքերը խարխլվելու են ու մի օր Վեոլիա ջրի փնթիության պատճառով էս շենքերը դառնալու են վթարային»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 30-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել էր։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային, սակայն վնասվել էին շենքի տակ կայանված 7 տրանսպորտային միջոցներ, էլեկտրական լարեր, ծառեր էին կոտրվել։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողները։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի   հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին տեղեկանալով Արմավիրի մարզպետի և Արմավիրի քաղաքապետի հանձնարարականով ժամանել էին նաև տեղական կառույցների ներկայացուցիչները՝ պարզելու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը և վնասի չափը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր