211652_close_icon

Երևանում հերթական անգամ բախվել են «Nissan Rogue»-ը ու առանց համարանիշի մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15509 դիտում article-date 20:20 03-07-2025

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ, ում առաջինը օգնության են հասել «Nissan Rogue»-ի վարորդը, վթարի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ռաֆիկ Պողոսյանն ու Հայկ Հովսեփյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Nissan Rogue»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր օգնության էին հասել մոտոցիկլավարին, ասում էին, որ նա եղել է առանց սաղավարտ, և դեպքի վայրում էլ պարեկները սաղավարտ չեն հայտնաբերել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր