211652_close_icon

Մարմարիկում անայտ կորած 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները կատարվում են նաև Աղբյուրակի ջրամբարում. փրկարարները օգտագործում են անօդաչու թռչող սարքեր, ջրի հատակը նկարահանող սկաներներ. աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալը. ՖՈՏԵՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count22340 դիտում article-date 16:48 14-05-2025
Երեկ՝ մայիսի 13-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու Սևանի ջրասուզակները շարունակել են և այսօր էլ՝ մայիսի 14-ին, շարունակում են Մարմարիկ գետում նույն գյուղի բնակիչ 2-ամյա տղայի որոնողական աշխատանքները: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ և այսօր երեխայի որոնողական աշխատանքները շարունակվել են նաև Աղբյուրակի ջրամբարում, ժողովրդին հայտնի Ծովինարի ջրամբարում, որտեղ փրկարարները և մի քանի կամավորներ փչովի նավակներով մի քանի ժամ շարունակ որոնողական աշխատանքներ են կատարել: 
 
ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրանց աշխատանքը տեղում ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանը: 

Երեկ և այսօր փրկարարները օգտագործել են անօդաչու թռչող սարքեր և ջրի հատակը նկարահանող սկաներներ:

Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատներից, Կոտայքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի հրշեջ-փրկարարները, Սևանի ջրասուզակները Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, վարչության պետի տեղակալ Ստեփան Ստեփանյանի, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ղեկավար Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մարմարիկ գյուղի բնակչության մեծ մասը, սրտացավ քաղաքացիներ առավոտյան ժամը 08:00-ից վերսկսել էին մայիսի 4-ից անհետ կորած որոնվող, Մարմարիկ գյուղի բնակիչ 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները: 

Մարմարիկ գետի ողջ երկայնքով շարունակվում էին աշխատանքները: 

Ցավոք որոնողական աշխատանքները դեռևս արդյունք չեն տալիս: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր