211652_close_icon

ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի ելույթը «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին

views-count1831 դիտում article-date 17:08 21-04-2025
Այսօր տեղի է ունեցել «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողով:
Համաժողովին մասնակցում էին իշխանության երեք ճյուղերի, դատաիրավական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչներ, քաղհասարակաության անդամներ: Համաժողովի առաջին պանելային քննարկման՝
«Ինչու է ուշանում արդարադատությունը» վերնագրով բանախոսներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը:

Պանելային քննարկմանը ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը խոսել է դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման մասին: Նա անդրադարձել է ուշացած արդարադատության պատճառներին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: ԲԴԽ նախագահը մասնավորապես նշել է, որ օրենսդիր, գործադիր մարմնի գործընկերների հետ համատեղ մշակված օրենսդրական նախաձեռնությունների արդյունքում արդեն բավական թոթափվել է դատարանների ծանրաբեռնվածությունը: Նա վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն մինչև 2 միլիոն դրամ բռնագանձման գործերն այլևս քաղաքացիական գործեր քննող դատավորների տիրույթում չեն, ինչի արդյունքում 80 տոկոսով նվազել է քաղաքացիական գործերի քանակը:

Նա հավելել է, որ այս պահի դրությամբ, արդեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաղաքացիական գործերի թիվն աճել է մոտ 30%-ով, (նախորդ տարի ապրիլի դրությամբ առկա էր 5000 գործ, այսօր արդեն՝ մոտ 8000 գործ), և այդ գործերի մոտ 60% -ն արդեն էլեկտրոնային կարգով է քննվում: Արթուր Աթաբեկյանը նշել է, որ էլեկտրոնային եղանակով գործերի քննությունը ևս բարեփոխումների շարքից է, իսկ առկա տեխնիկական խոչընդոտներն ամենօրյա ռեժիմով շտկվում են:

Խոսելով քրեական գործերից՝ Արթուր Աթաբեկյանն ուշադրություն է հրավիրել ողջամիտ ժամկետում գործի քննության հնարավորության մասին մշտապես բարձրաձայնվող խնդրին՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի Հայաստանում քրեական գործեր քննող դատավորները ստացել են մոտ 10․000 քրեական գործ։ Նա ընդգծել է, որ մարզերում դատավորներ կան, որոնց տարեկան ստացված գործերի միջինացված թիվը 250-ը գերազանցում է: ԲԴԽ նախագահը նշել է, որ նախորդ տարվա համեմատ քրեական գործերի քանակն ավելացել է 30%-ով։ Նա կարևորել է այն հանգամանքը, որ այս գործերի աճին զուգահեռ վերջին ժամանակաշրջանում քրեական գործեր քննող ընդամենը 8 դատավորի հաստիք է ավելացել:

Անդրադառնալով վարչական արդարադատության ոլորտի վիճակագրությանը՝ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ կրկնակի աճել է գործերի քանակը՝ 10․000-ից դառնալով 21․000՝ ընդ որում նույն 24 դատավորի կազմով: Նա նշել է, որ գործերի քանակի ավելացման միտումը շարունակվում է նաև այս տարի: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խոսքով՝ ԲԴԽ-ն որոշակի գործընթացներ է իրականացրել և համապատասխան որոշումներ ընդունել, որոնց թվում մշակել է դատարանների նախագահների կողմից դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգը, հստակեցրել է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի տեսակների և բարդության, սահմանել է դատավորների գնահատման նոր մեթոդաբանություն, որով դատավորների գնահատման հիմքում դրված է նաև ողջամիտ ժամկետների պահպանման չափանիշը:

ԲԴԽ նախագահն անդրադարձել է դատական տարբեր ատյաններում արձանագրված գործերի քանակի տարեցտարի աճին՝ այն համարելով իրական մարտահրավեր:Աթաբեկյանը նշել է, որ նույն ծանրաբեռնվածությամբ են գործում նաև վերաքննիչ և վճռաբեկ ատյանները: Նա համոզմունք է հայտնել, որ դատավորները ժամկետները պահպանելուն ուղղված ջանք չեն խնայում, բայց երբեմն գործերի տեղատարափը խնդիր է առաջացնում: Նա արդարադատության ուշացման խնդիրներից է համարել նաև դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցությունը՝ մատնանշելով ընդունված միջազգային ստանդարտները՝ համաձայն որոնց 100 հազար բնակչի հաշվարկով դատավորների թիվը տատանվում է 20-ից 40-ի միջակայքում, իսկ Հայաստանի պարագայում 10 է: Նա մարտահրավերների շարքին է դասել նաև Հայաստանի դատական համակարգում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը՝ նշելով, որ դրանց կատարելագործումը կաշխատի հօգուտ քաղաքացիների իրավունքների իրացման:

Արթուր Աթաբեկյանը կարևորել է նաև դատական ծառայողների վարձատրությունը,սոցիալական երաշխիքները, ինչի պատճառով համակարգում կադրային հոսունություն է նկատվում: Եզրափակելով խոսքը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևոր գործոն է դիտարկել նաև հանրային իրազեկվածությունը, ինչը կնպաստի դատական համակարգ-քաղաքացի կապի ամրացմանն ու դատական համակարգի վստահության բարձրացմանը: Նա հիշեցրել է, որ ԲԴԽ-ն նախորդ տարի զանգվածային լրատվության միջոցների հետ հաղորդակցման կարգ է հաստատել, ինչն առաջիկայում առավել տեսանելի է գործելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր