211652_close_icon

Մենք հիմա շնչում ենք ամենաքաղցկեղածին գազերը. Հարություն Ալպետյանը` աղբավայրի խնդրի մասին․Sputnik

views-count643 դիտում article-date 23:10 11-10-2025
Նուբարաշենի աղբավայրը ցանկապատելը լավ գաղափար է, բայց եթե ցանկապատից ներս լինելու են մարդիկ, որոնք հրդեհի ռիսկեր են հարուցում, այդ ցանկապատը ոչ մեկին պետք չէ։

 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարած կենցաղային թափոնների վերամշակման գործարանի ստեղծումը չի լուծելու Նուբարաշենի աղբավայրի հրդեհների հարցը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը, հայտարարվելու է մրցույթի առաջին փուլը, և մեկընդմիշտ փակելու են Նուբարաշենի աղբավայրի էջը։

«Նուբարաշենի աղբավայրում կան որոշ զոնաներ, որոնք ամենառիսկայինն են։ Այդ զոնաների հետ պետք է լուրջ աշխատանք տարվեր արդեն վաղուց։ Մենք հրդեհների հետ բախվելու ենք նաև հաջորդող տարիներին։ Գործարանը կունենանք 4 – 5 տարի անց, որով ընդամենը կլուծենք այն խնդիրը, որ այլևս թափոն չի գնա աղբավայր, բայց առկա 7-8 միլիոն տոննա աղբը ամեն անգամ հրդեհվելուց սարսափելի վնաս է հասցնում հասարակությանը։ Մենք հիմա շնչում ենք ամենաքաղցկեղածին գազերը»,–ասաց նա։

Փորձագետի խոսքով` հրդեհների առաջացման մի քանի պատճառ կա, և կոմպլեքս խնդիրը պահանջում է կոմպլեքս լուծում։ Այսօր աղբավայրում ամեն ինչը վերահսկողությունից դուրս է։
«Աղբավայրը ցանկապատելը լավ գաղափար է, բայց եթե ցանկապատից ներս լինելու են մարդիկ, որոնք հրդեհի ռիսկեր են հարուցում, այդ ցանկապատը ոչ մեկին պետք չէ»,–ասաց Ալպետյանը։
Նա ընդգծեց` աղբավայրի ներսում պետք է խիստ վերահսկողություն սահմանվի, այդ թվում` մարդկանց տեղաշարժի մասով։ Այս համատեքստում Ալպետյանը հիշեցրեց լրատվամիջոցների բազմաթիվ հոդվածներն այն մասին, որ աղբավայրում անօրինական գործունեություն են ծավալում խմբեր, որոնք վերամշակում են հատկապես մետաղական թափոնները կրակի միջոցով։

«Աղբավայրում արժեք ունեցող նյութերի կորզման գործընթաց է գնում։ Օրինակ` մալուխից ուզում են պղինձ, ալյումին կորզել։ Դա կատարվում է հենց աղբանոցում, որտեղ անընդհատ փոքր ծուխ կա, որը կարող է անվերահսկելի ձևով տարածվել ցանկացած պահի»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր