211652_close_icon
views-count2131 դիտում article-date 19:08 27-02-2025

Այսքանից կարող եք ձեր եզրակացություններն անել մեր «արևմտամետների» առաջարկների որակի և պրոֆեսիոնալիզմի մասին. Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը ՌԴ հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատելու մասին.

«Մեծ Բրիտանիայի պատասխանը Արամ Սարգսյանին

Այն հարցին, թե, խզելով կապերը Ռուսաստանի հետ, ինչպես պետք է կառուցենք մեր տնտեսական համակարգը և հարաբերությունները Արևմուտքի հետ, «արևմտամետների» գլխավոր առաջնորդ Արամ Սարգսյանը փորձել է կոնկրետ պատասխաններ տալ։ Ի թիվս այլ առաջարկների նա գրել է.

«Միացյալ Թագավորությանը, որ հիմա եվրոպական համատեքստ է մտնում, պետք է առաջարկենք մեր ջրային ռեսուրսների ամբողջական կառավարումը։ Մենք պետք է դիմենք, համոզենք, բացատրենք, եթե պետք է անգամ բիզնես շահավետության պատվերը ինքներս կազմակերպենք, քանի որ ջուրը կենսական բնական ռեսուրս է, իսկ մենք հիմա ամբողջությամբ նվիրում ենք մեր թշնամուն։»։

Ցույց տալու համար, թե ինչքան կտրված են նման առաջարկները եւ նման առաջարկներ անողները իրողությունից, կուզեի ձեր ուշադրությանը ներկայացնել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության հանրային գլխավոր լրատվական գործակալության՝ Բի-Բի-Սի-ի 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հոդվածը՝ այսօր այդ երկրում ջրային ռեսուրսների կառավարման վիճակի մասին։

Այս ծավալուն հոդվածից մենք տեղեկանում ենք, որ.

Մեծ Բրիտանիայի ջրային ինդուստրիան և նրա կառավարումը կատարելապես ձախողված է և գտնվում է խորագույն ճգնաժամի մեջ։

2030֊ական թվականներին երկրի բնակչությունն ունենալու է խմելու ջրի դեֆիցիտ։

Նոր տների կառուցումը վտանգված է ջրային մատակարարման խնդիրների պատճառով։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի՝ ջրային կառավարման իրականացրած մասնավորեցումը բրիտանական ժողովրդի գլխին բերած ամենամեծ խարդախությունն էր պատմության մեջ։

Մինչև 1980-ականների ջրային ընկերությունների մասնավորեցումը, նրանք ունեցել են 0 պարտք, մինչդեռ այսօր այն կազմում է 60 միլիարդ բրիտանական ֆունտ։

Այդ հսկայական պարտքերն առաջացել են, որովհետև փայատեր ներդրողները հսկայական պարտքեր են վերցրել, որոնք ոչ միայն չեն ներդրել ենթակառուցվածքների պահպանման եւ զարգացման մեջ, այլ ուղղակի դուրս են գրել իրենց որպես շահաբաժին (դիվիդենդ)։ Այսինքն, մասնավորեցման հետեւանքով սեփականատեր դարձած «ներդրողները» հարստացել են, մինչդեռ ջրային համակարգը քայքայվել է եւ հայտնվել ներկայիս կոլապսային վիճակում։

Մարգարեթ Տեթչերի ստեղծված եւ այսօր էլ գործող Ofwat պետական կարգավորող մարմինը ամբողջությամբ ձախողել է իր կարգավորիչ գործառույթը։

Այս ամենի պատճառով, եթե անգամ կատարվեն իրավիճակը շտկող բարեփոխումներ, դա կտևի տասնամյակներ և կբերի ջրի գնի հսկայական բարձրացմանը։

Հուսով եմ, այսքանից կարող եք ձեր եզրակացություններն անել մեր «արևմտամետների» առաջարկների որակի և պրոֆեսիոնալիզմի մասին։

Նաև հույս ունեմ, որ Ստյոպա Սաֆարյանը չի մեղադրի Բի֊Բի֊Սի֊ին Հայ Ազգային Կոնգրեսի կողմից ստվերային կառավարման տակ գտնվելու մեղքի մեջ»։

Նմանատիպ նյութեր