211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:43 23-02-2025

Պաշտոնական Փարիզի դիրքորոշումը այն է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը ՀՀ-ի հետ շարունակվում է. Ֆրանսիայի դեսպան

«Հայաստանի հանրային ռադիո»-ն հարցազրույց է անցկացրել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ:

- Պարոն Դեսպան, շնորհակալ եմ հարցազրույցի այս բացառիկ հնարավորության համար։ Իմ հարցերը շատ են, իսկ Դուք ինչո՞վ կուզենայիք սկսել զրույցը։

- Նախ շնորհակալություն եմ ուզում հայտնել Ձեր հրավերի համար։ Ինձ համար մեծ պատիվ է Հանրային ռադիոյում զրուցել ձեզ հետ։ Դեռ 2025-ի սկիզբն է, և ցանկությունս եմ ուզում հայտնել, որ այս տարին հայ-ֆրանսիական հարաբերությունների համար լինի արտակարգ տարի մեր մշակութային հարաբերությունների առումով, տնտեսական հարաբերությունների, պաշտպանական ոլորտում համագործակցության և այն ամենի, ինչի շնորհիվ հայ և ֆրանսիացի ժողովուրդներն այդքան սերտ հարաբերություններ ունեն։

- Օրերս եք վերադարձել Ֆրանսիայից, որտեղ փետրվարի 10-ին ներկա էիք Փաշինյան-Մակրոն հանդիպմանը։ Ի՞նչ նոր մեսիջներով եք վերադարձել։

- Նախ և առաջ միայն այն փաստը, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ, արդեն իսկ վկայում է այն կարևորության մասին, որն ունի Հայաստանը Ֆրանսիայի համար, ու նաև անձնական հարաբերությունների համար, որ գոյություն ունեն նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի միջև։ Ճիշտ ինչպես անցած տարվա աշնանը տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, ամեն անգամ, երբ Փարիզում միջազգային կարևոր որևէ իրադարձություն է տեղի ունենում, վարչապետ Փաշինյանը նախ մասնակցում է այդ իրադարձությանը, և երկրորդ՝ Ֆրանսիայի նախագահը միշտ նրան առանձին հանդիպելու ժամանակ է գտնում՝ խոսելու երկկողմ հարաբերությունների մասին։ Այսինքն՝ այս հանդիպումը ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների շատ բարձր մակարդակի մասին։

Թե Ֆրանսիայի նախագահը, թե Հայաստանի վարչապետը մեզ ուղղություն են տվել՝ շարունակելու գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Բնականաբար, Փարիզում խոսել են նաև տարածաշրջանում իրավիճակի, Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ նպատակ է դրված հասնել խաղաղության համաձայնագրի, ու նախ և առաջ պետք է հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։

- Հայաստանի և Ֆրանսիայի բազմաոլորտ գործակցության մեջ առանցքային է պաշտպանական ոլորտը։ Նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին ստորագրվեց երկու երկրների պաշտպանական գործակցության 2025 թ․ ծրագիրը։ Այս առումով ի՞նչ նոր անելիքներ են նախանշվում, որոնք կարող ենք հրապարակել։

- Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է, բայց շատ արագ է զարգանում։ 2025-ին այն կունենա երեք հիմնական ուղղություն, առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին․ Ֆրանսիան, ի դեպ, արևմտյան միակ երկիրն է, որը պաշտպանական տեխնիկա է տրամադրում Հայաստանին․ հուսով ենք, որ այլ երկրներ ևս կհետևեն մեզ։ Երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե Հայաստանում, թե Ֆրանսիայում։ Երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել եւ հզորացնել հայկական բանակը։

- Ալիևը հունվարի 8-ին հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը, Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը», և թե «Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն»: Պաշտոնական Փարիզի արձագանքը։

- Պաշտոնական Փարիզի դիրքորոշումն այն է, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Եւ շարունակվում է նույն նպատակով՝ օգնել Հայաստանին՝ պաշտպանել իր տարածքը, իր բնակչությանը և իր ինքնիշխանությունը։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում
 

Նմանատիպ նյութեր