211652_close_icon
views-count12655 դիտում article-date 15:22 15-02-2025

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյուն է տեղի ունեցել․ հոգևորականը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր է մեկնել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Հավհաննիսյանը և Երեմ Ավետիսյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցուն կից հովվատանը, վնասվել է հովվատան մուտքի դուռը, լուսամուտի ապակին, իսկ պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվ Գևորգ Քահանա Տեր֊Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արթուր Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր