211652_close_icon
views-count790 դիտում article-date 09:59 01-02-2025

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ապագան. «ՏԵՂորոշում»․ «Ամերիկայի ձայն»

Ի՞նչ է նշանակում ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ, ինչպիսի՞ մոտեցում կորդեգրի այս փաստաթղթի հանդեպ ստորագրումից օրեր անց իշխանության եկած ամերիկյան նոր վարչակազմը, որո՞նք են մարտահրավերները: «Ամերիկայի ձայնը» հրապարակել է «ՏԵՂորոշման» ընդարձակ անդրադարձը։

Վաշինգտոնն ու Երևանը հունվարի 14-ին ԱՄՆ պետքարտուղարությունում ստորագրեցին Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը: Կողմերն ընդգծեցին փաստաթղթի կարևորությունը երկու երկրների հարաբերությունների խորացման համար:

«Չափազանց կարևոր և նշանակալից իրադարձություն է, որը կանխորոշում է ապագա տարիներին Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները»,- ասում է Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիական ծրագրերի ավագ տնօրեն Ստեֆան Նիքսը:

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դառնում են ավելի ուժեղ գործընկերներ, իսկ ռազմավարական գործընկերությունը միտված է ավելի խորը համագործակցության ընդհանուր սկզբունքների հիման վրա՝ ստորագրման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ այս համագործակցությունը դրական զարգացում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար: Իր հերթին, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս փաստեց՝ ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին նկատելի աճ են գրանցել և հասել մի կետի, «երբ դրանց արդիականացումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև կարևոր՝ աշխարհաքաղաքական բարդ պայմաններում առաջ շարժվելու համար»:

«Ռազմավարական գործընկերության խարտիան ԱՄՆ և Հայաստանի միջև խորացող ներգրավվածության նախորդ մի քանի տարիների գործընթացի գագաթնակետն է: Փաստաթղթի մեջ ներառված շատ դրույթներ արդեն իսկ կատարման փուլում են, սակայն այն իրենից ներկայացնում է որոշակի շրջանակ»,- ասում է Վաշինգտոնում գործող պնդում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆֆը:

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ընդգծում է, «որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա»: Փաստաթուղթն ընդգծում է կողմերի փոխադարձ ցանկությունը՝ «ամրապնդել հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում»:

«Սա իսկապես կարևոր, շոշափելի մեխանիզմ է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները համակարգելու համար: Այն, անշուշտ, երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների մակարդակի բարձրացում է»,- կարծիք է հայտնում ԱՄՆ արտաքին քաղաքականության խորհրդի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ինստիտուտի ծրագրերի տնօրեն Լորա Լինդերմանը:

Փաստաթուղթը մանրամասնում է այն ոլորտները, որոնց ուղղությամբ Վաշինգտոնն ու Երևանը պատրաստվում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, ներառյալ՝ «ժողովրդավարության և տնտեսական ազատության առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը»:

«Առկա է իրական ընկալում, որ սա հիանալի պահ է ԱՄՆ ու Հայաստանի հարաբերություններում, որը օգտակար է երկու երկրներին, իսկ ռազմավարական գործընկերությունը լավ միջոց է նման տրամադրություններն ամրապնդելու համար»,- նշում է German Marshall Fund հաստատության վերլուծաբան Դեյվիդ Սալվոն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ

Միացյալ Նահանգների համար մեկ այլ պետության հետ ռազմավարական գործընկերությունը նշանակում է երկարաժամկետ հարաբերությունների հաստատում՝ հիմնված ընդհանուր անվտանգային, տնտեսական, քաղաքական և մշակութային շահերի և նպատակների վրա: Միացյալ Նահանգներին նման գործընկերություններն օգնում են ամրապնդել համաշխարհային ազդեցությունը և առաջ մղել ամերիկյան շահերը տարբեր տարածաշրջաններում:

«Այն, ինչին ականատես ենք նախորդ մի քանի տարիներին՝ ԱՄՆ ու Հայաստանի հարաբերությունների առումով, նոր մեծացող շեշտադրումն է այն կարևոր դերի, որ Հայաստանը կարող է խաղալ ամերիկյան շահերը խթանելու համար»,- նշում է Սալվոն:

Այն թույլ է տալիս ավելի արդյունավետ արձագանքել գլոբալ սպառնալիքներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման զենքերի տարածումը և տարածաշրջանային հակամարտությունները: Փորձագետները, սակայն, շեշտում են՝ ռազմավարական գործընկերությունը չի նախատեսում անվտանգային ու անհրաժեշտության դեպքում ռազմական միջամտության պարտավորությունների ստանձնում:

«Դա այնպիսի պայմանագիր չէ, ինչպիսին է օրինակ ՆԱՏՕ-ի պայմանագիրը, որը ստեղծեց ՆԱՏՕ-ն, կամ երկկողմանի անվտանգային պայմանագրերը, որոնք ԱՄՆ-ն ունի իր որոշ դաշնակիցների հետ, օրինակ՝ Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ: Այն չի պարտավորեցնում ո՛չ Հայաստանին, ո՛չ ԱՄՆ-ին որևէ ռազմական գործողության՝ մյուսին պաշտպանելու համար»,- նշում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան, նախկին զինվորական Ռոբերտ Համիլթոոնը:

«Դա նույնը չէ, ինչ պաշտոնապես դաշնակից լինելը: Ակնհայտ է տարբերությունը ռազմավարական գործընկերության և պայմանագրով ստանձնած պարտավորությունների միջև: Նման պարտավորություններ, օրինակ, Միացյալ Նահանգներն ունի ՆԱՏՕ-ի կամ Ասիայում իր որոշ դաշնակիցների նկատմամբ, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան: Սակայն, ռազմավարական գործընկերությունը մի միջոց է, որն ընդգծում է որոշակի երկրների մեծացած կարևորությունը Ամերիկայի և ամերիկյան շահերի համար»,- ասում է Դեյվիդ Սալվոն:

Հատկանշական է, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրմանը հայտարարվեց, որ Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետության» դեմ գլոբալ կոալիցիային, քայլ, որն ընդգծում է Երևանի հանձնառությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Դիտորդներն ընդգծում են՝ ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ունի աշխարհի տասնյակ երկրների հետ, որոնց հետ հաստատվում են տարբեր խորության հարաբերություններ: Ռազմական օգնություն նախատեսող անվտանգային պայմանագրերը, ըստ վերլուծաբանի, սովորաբար ոչ միայն ստորագրվում են գործադիր մարմնի կողմից, այլև վավերացվում ԱՄՆ Սենատում:

Բացի Հայաստանից, հետխորհրդային երկրներից նման հարաբերերություններ ԱՄՆ հետ ունեն Ուկրաինան, Ղազախստանը, Վրաստանը, որոնք ակտիվորեն զարգացնում են ռազմավարական կապերը Վաշինգտոնի հետ: Վրաստանի պարագայում, սակայն, ռազմավարական գործընկերությունն այս պահին դադարեցված է՝ հաշվի առնելով վրացական գործող իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ԵՄ հարցում և շեղվելը երկրի արևմտամետ քաղաքական կուրսից:

«Չափազանց ուրախ եմ, որ Հայաստանը ստորագրել է ռազմավարական գործընկերության փաստաթուղթը Միացյալ Նահանգների հետ։ Դա նշանակում է, որ կովկասյան տարածաշրջանը մնում է կարևոր ԱՄՆ համար: Մենք՝ Վրաստանը, այս տարածաշրջանի կենտրոնում ենք, և Ամերիկայի հետ մեր գործընկերությունը հիմնարար նշանակություն ունի այս տարածաշրջանի և մեր ապագայի համար»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հայտարարել է Վրաստանի նախկին՝ հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Թրամփի վարչակազմն ու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարը

Հատկանշական է, որ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիան ստորագրվել է օրեր առաջ նախքան Բայդենի վարչակազմի հեռացումը: Հունվարի 20-ին ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին ստանձնեց երկրի ղեկավարումը, իսկ նախկին սենատոր Մարկո Ռուբիոն Սենատում լսումներից ու քվեարկությունից հետո նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում:

Դիտորդները չեն շտապում գնահատական տալ, թե ինչպիսի մոտեցում կորդեգրի հանրապետական վարչակազմը իր նախորդի` դեմոկրատական իշխանությունների կնքած ռազմավարական համագործակցության փաստաթղթի նկատմամբ:

«Անորոշությունը շատ է։ Նախագահական իշխանության անցումային փուլում այդ անորոշությունը մշտապես առկա է: Իրավիճակն էլ ավելի անորոշ է, երբ իշխանությունը անցնում է մի կուսակցույունից մյուսին, իսկ Թրամփի վարչակազմի պարագայում այն էլ ավելի անկանխատեսելի է: Կարծում եմ՝ մի քանի ամիս դադար կլինի: Եվ դա նորմալ է նոր վարչակազմի համար, որը, սովորաբար, հակված է ժամանակավորապես դադարեցնել արտաքին քաղաքականության հիմնական նախաձեռնությունները»,- նշում է Ռոբերտ Համիլթոնը:

Վերլուծաբան Դեյվիդ Սալվոյի կարծիքով, Հայաստանի ինտեգրումը եվրաատլանտյան համայնքի հետ և Մոսկվայի ազդեցության տակից դուրս գալը, բխում է ամերիկյան ազգային անվտանգության շահերից: Նա հույս է հայտնում, որ Թրամփի վարչակազմը համոզիչ պատճառներ կտեսնի՝ շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական այս գործընկերությունը:

«Վստահ չեմ, որ Հարավային Կովկասն, ընդհանուր առմամբ, լինելու է առաջնահերթություն Թրամփի վարչակազմի համար։ Սակայն, կան ամերիկյան հստակ շահեր, ներառյալ Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ, Հայաստանի և նրա հարևանների հարաբերությունների կարգավորումը, նրանց էներգետիկ անվտանգությունը, հակաահաբեկչական պայքարը։ Այս ամենը կարևոր է Միացյալ Նահանգների համար և բխում է ամերիկյան ազգային անվտանգության շահերից»,- պնդում է Սալվոն:

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով էլ՝ համաձայնագիրը կորցնում է իր կարևորությունը, եթե բացակայում է դրա իրագործումը:

«Այս համատեքստում կարևոր հանգամանք է, որ այն ստորագրվել է Բայդենի վարչակազմի վերջին օրերին և առանց հաշվի առնելու, թե ինչ դիրքորոշում ունի Թրամփի վարչակազմը արտաքին քաղաքականության մի շարք խնդիրների վերաբերյալ, ներառյալ՝ հարաբերությունները Հարավային Կովկասում ու Հայաստանի հետ: Այս հանգամանքը նվազեցնում է համաձայնագրի կարևորությունը, քան եթե այն ստորագրվեր ժամանակային այլ փուլում»,- ասում է Ռիչարդ Կազլյարիչը:

Վերլուծաբան Լորա Լինդերման էլ առանձնացնում է ԱՄՆ Կոնգրեսի դերը Հայաստանի հետ ռազմավարականն գործընկերության շարունակականությունն ապահովելու գործում:

«Կոնգրեսում Հայաստանը շատ ավելի լայն աջակցություն ունի, քան երբևէ պատմության մեջ: Իսկապես, կարևոր գործոն է: Այս Կոնգրեսն, իրոք, ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Սա լավ պատճառ է, որ Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, շարունակի աջակցել Հայաստանին՝ հատկապես գիտակցելով, որ այսօր Հարավային Կովկասում Հայաստանը ժողովրդավարության ապագայի միակ հույսն է»,- կարծիք է հայտնում Լինդերմանը:

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Նախաբանից և հինգ բաժիններից բաղկացած հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, որոշ դիտորդների կարծիքով, վկայում է Հայաստանի արևմտամետ քաղաքական ուղեգծի ընտրության և Երևանի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության աճի մասին:

Փաստաթղթում նշված է՝ «Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝ խորացնել իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ժողովրդավարական լայն համայնքի հետ:»

«Սա հիմք է ապագա հարաբերությունների զարգացման համար: Այն ազդարարում է Հայաստանի հետագիծը դեպի Արևմուտք, դեպի Եվրոպա և ԱՄՆ։ Մեր կարծիքով՝ այն ապահովում է ավելի մեծ տնտեսական և անվտանգային բարելավումներ Հայաստանի համար»,- ասում է Ստեֆան Նիքսը:

Ինչպես նշեցինք, կանոնադրությունն անդրադառնում է համագործակցության համար մի շարք ոլորտների, ներառյալ՝ տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը, ժողովրդավարության, արդարադատության և ներառման ամրապնդումն ու մարդկային կապերի և մշակութային փոխանակումների խթանումը:

Այսպիսով, ներկայացնենք փաստաթղթի ոլորտային կետերը:

Գործընկերության սկզբունքները

ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության խարտիան սահմանում է հիմնարար սկզբունքները, որոնց հիմքում է միմյանց ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցությունն է: Այս սկզբունքները հիմնարար դեր ունեն երկկողմ հարաբերությունների ամրապնդման, տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման ապահովման համար։

Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խարտիան ընդգծում է՝ «Ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելուն, ներառյալ սահմանազատման ջանքերին՝ համաձայն 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի:

«Կարծում եմ, որ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ [ԱՄՆ-Հայաստան] երկկողմ համաձայնագրում Հայաստանի և Ադրբեջանի միջև արժանապատիվ ու խաղաղ համաձայնագրի մասին հիշատակումը չափազանց կարևոր է»,- պնդում է դեսպան Կազլյարիչը:

Բացի այդ, փաստաթղթի համաձայն՝ «Միացյալ Նահանգները նաև նպատակադրվում է շարունակել խրախուսել Հայաստանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումը:»

Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցություն

Տնտեսական, առևտրային, տրանսպորտային և էներգետիկ համագործակցության զարգացման շրջանակներում Հայաստանն ու Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել փոխգործակցությունը՝ նոր աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճ ապահովելու նպատակով։ Կողմերը աջակցում են տնտեսական բարեփոխումներին և շուկայի ազատականացմանը, ձգտում են բարելավել տրանսպորտային կապը և գործարար միջավայրը, ինչպես նաև մեծացնել ապրանքների և ծառայությունների շուկաների մատչելիությունը: Միացյալ Նահանգներն աջակցում է համաշխարհային տնտեսությանը ինտեգրվելու Հայաստանի ջանքերին:

Կարևոր ոլորտներից է շուկայական ուղղվածություն ունեցող էներգետիկ ոլորտի ամրապնդումը, որը ներառում է միջուկային անվտանգության և միջուկային զենքի չտարածման բարձր չափանիշներով քաղաքացիական միջուկային ծրագրի զարգացում, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավմանն ուղղված ջանքեր:

Հայ-ամերիկյան խարտիայի ստորագրման արարողության ընթացքում ազդարարվեց խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում 123-րդ համաձայնագրի շուրջ կողմերի միջև բանակցություններ սկսելու մասին: Խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության համար ամերիկյան օրենսդրությունը պահանջում է, որ շահագրգիռ երկիրը միանա Միացյալ Նահանգների Ատոմային էներգիայի գործակալության ակտի 123-րդ բաժնին, որը սահմանում է այլ երկրներին խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու պայմանները։ Ըստ վերջին տվյալների՝ Վաշինգտոնը նման համաձայնագրեր ունի 49 երկրների և տարածքների հետ:

Նախատեսվում են նաև միջոցառումներ տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապը ընդլայնելու ուղղությամբ։

Բացի այդ, ըստ փաստաթղթի, «Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել hամագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ինտեգրմանը առավել լայն տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին և կապակցման նախաձեռնություններին, մասնավորապես՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամուր քաղաքական աջակցության և դրա խթանման միջոցով»:

«Միացյալ Նահանգները հետևողական է իր պնդման մեջ, որ տարածաշրջանում տարանցման ցանկացած պայմանավորվածություն պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Մեծ նշանակություն չունի՝ խոսքը գնում է «Խաղաղության խաչմերուկ» գաղափարի՞, թե՞ համաձայնեցված ու Սյունիքի մարզով անցնող տարանցիկ ճանապարհի մասին, որն ընդունում է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- պնդում է Ջեֆրի Մանկոֆֆը։

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Կազլյարիչի կարծիքով՝ չափազանց կարևոր է գիտակցել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների գործածման անհրաժեշտությունը:

«Կարևոր է գիտակցել, որ տարածաշրջանում առկա է տրանսպորտային փոխադրումների անհրաժեշտություն։ Այն Հարավային Կովկասի երկրներին, ներառյալ Վրաստանին կտա հնարավորություն ներգրավվել առևտրի մեջ ոչ միայն տարածաշրջանի ներսում, այլև տարածաշրջանից դուրս՝ դեպի Թուրքիա և Կենտրոնական Ասիայի երկրներ»,- ասում է Ռիչարդ Կազլյարիչը:

Պաշտպանություն և անվտանգություն

Միացյալ Նահանգներն ակտիվորեն աջակցում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին՝ գիտակցելով, որ խաղաղ Հարավային Կովկասը էական նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար։

Ըստ խարտիայի՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը նպաստում է երկու երկրների և ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը։

«Դա կհանգեցնի օգնության ավելացմանը, առևտրային կապերի աշխուժացմանը, անվտանգության ոլորտում համագործակցության հնարավոր աճին: Այսպիսով, կարող է մեծանալ ռազմական օգնությունը ԱՄՆ-ից, ավելի շատ համատեղ զորավարժություններ անցկացվեն և նման կարգի ակտիվություն լինի: Բայց դա շատ հեռու է անվտանգային ցանկացած պարտավորության ստանձնումից»,- ասում է Համիլթոնը:

Համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը սպառնացող շարունակական սպառնալիքների լույսի ներքո՝ երկու երկրները նախատեսում են ընդլայնել իրենց համագործակցության շրջանակն այդ ոլորտներում՝ նաև իրականացնելով պաշտպանական բնագավառում երկկողմ խորհրդատվություններ և հայկական ռազմական ուժերի հզորացում պրոֆեսիոնալ ռազմական պատրաստության ծրագրերի միջոցով:

«Կարծում եմ՝ Հայաստանի կառավարությունը գիտակցել է, որ Կրեմլին ապավինելը իրականում չափազանց ինքնակործան քաղաքականություն է, քանի որ երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը, Մոսկվան ավելի շատ աջակցում էր Ադրբեջանին»,- «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայության հետ զրույցում նշում է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, Ատլանտյան խորհուրդ հաստատության ավագ վերլուծաբան Ջոն Հերբսթը:

Բացի այդ, փաստաթղթում նշված է, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Հայաստանի նշանակալի ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում և ձգտում է խորացնել Հայաստանի ինտեգրումը եվրատլանտյան կառույցներին՝ ընդլայնելով համագործակցությունը և անվտանգության բարեփոխումների ծրագրերը: Նաև Հայաստանին աջակցություն է ցուցաբերվելու իրավապահ մարմինների և ոստիկանական ուժերի զարգացման և արդիականացման գործում:

Ժողովրդավարություն, արդարադատություն ու մշակութային կապեր

Վերոհիշյալ ոլորտներից բացի փաստաթղթում ընդգծվում է, որ կողմերը համագործակցելու են ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: Միասնական ջանքեր կգործադրվեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման և կիբեռհանցագործության դեմ:

Ըստ կանոնադրության՝ «հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թվականի սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի՝ Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»:

«Հայաստանը և Միացյալ Նահանգները ցանկանում են խթանել մարդկային կապերը, այդ թվում՝ ամերիկահայ համայնքի միջոցով, և ընդլայնել մշակութային, ստեղծագործական, կրթական, գիտական և մասնագիտական փոխանակման ծրագրերը, որոնք նպաստում են ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության ու փոխըմբռնման խթանմանը»,- նշված է փաստաթղթում:

Կրթական և մշակութային կապերի աշխուժացման նպատակով՝ «Միացյալ Նահանգները նախատեսում է դյուրացնել ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմումների ներկայացման գործընթացը՝ ԱՄՆ օրենսդրության և ընթացակարգերի համաձայն, այնպես, որ մշակութային, կրթական, բիզնես և գիտական գործունեություն ծավալող որակավորված անձանց մասնակցության հնարավորություն տրվի։»

Ըստ կանոնադրության՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված համատեղ նախաձեռնությունները:

Ամփոփում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման ժամանակ իր ելույթում ընդգծել է, որ Երևանը բարձր է գնահատում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման գործում: Նա նաև ընդգծեց պաշտոնական Երևանի պատրաստակամութունն աշխատելու ԱՄՆ գալիք վարչակազմի հետ՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթում ընդգրծված հավակնոտ նպատակները կյանքի կոչելու համար։

Այսպիսով, հայ-ամերիկյան հարաբերությունների ռազմավարական բնույթն այսօր իրականություն է: Ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրած խարտիան արձանագրում է երկու երկրների միջև ձգտումը էլ ավելի խորացնել դիվանագիտական հարաբերություններն ու համագործակցությունը տարբեր առանցքային ոլորտներում: Սակայն փաստաթղթի իրագործումն ու հետագա հարաբեությունների ընթացքը կախված են Հայաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ նոր վարչակազմի որդեգրած քաղաքականությունից ու մոտեցումներից:

Կարևոր է նշել նաև, որ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրեց 90 օրով սառեցնել ամբողջ արտաքին օգնությունը՝ ապահովելու համար, որ այն համապատասխանի իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Հայտնի է, որ արտաքին օգնության բոլոր ծրագրերը կենթարկվեն «համապարփակ վերանայման» ծախսերի սառեցման ժամանակահատվածում:

Այսպիսով, Սպիտակ տունն արմատապես փոխում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ռազմավարությունը, որն արտաքին օգնության տրամադրման հիմնական խողովակն է։ Գերատեսչությունից այսուհետ պահանջվելու է առաջնորդվել Թրամփի վարչակազմի որդեգրած «Նախևռաջ Ամերիկան» քաղաքականությամբ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր