211652_close_icon
views-count706 դիտում article-date 18:37 06-12-2024

ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել է «Շիրակի մարզում ուժեղ երկրաշարժ» թեմայով գործնական պարապմունք

Աղետների դիմակայության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 5-ին Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անցկացվել է «Շիրակի մարզում ուժեղ երկրաշարժ» թեմայով գործնական պարապմունք։

Պարապմունքն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ստուգել ուժեղ երկրաշարժի դեպքում սահմանված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի իրատեսականությունը, մասնակիցների հմտությունները և պատրաստվածությունը։

Պարապմունքի ընթացքում ձևավորվել են խաղարկման խմբեր, որոնցում ներգրավվել են Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ստորաբաժանումների և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների ծառայողները։

Գործնական պարապմունքի շրջանակում մշակվել էր սցենար, որի համաձայն պայմանական գրանցվել է երկրաշարժ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում:

Առաջացել են զանգվածային ավերածություններ, ավերվել են Գյումրու օդանավակայանն ու երկաթգծի կայարանը, փլուզվել են տարբեր նշանակության շենքեր, շինություններ: Կան բազմաթիվ զոհեր և տուժածներ: Վնասվել են տեղական նշանակության ավտոճանապարհներ:

Գործնական պարապմունքի ընթացքում ՃԿԱԿ ենթակա ստորաբաժանումների ծառայողները կազմակերպել են ահազանգերի գրանցումը, տվյալների մշակումը և համակարգումը՝ ըստ սահմանված ձևաչափի։ Պատրաստվել են իրավիճակն արտապատկերող թեմատիկ քարտեզներ՝ երկրաշարժի հետևանքով վնասված ենթակառուցվածքների և գրանցված ավերածությունների վերաբերյալ։ Ստացված օպերատիվ տեղեկատվությունը մշակվել և հրապարակվել է ՓԾ պաշտոնական հարթակներում, տարածվել ԶԼՄ-ներին։ Խաղարկման ընթացքում պարբերաբար իրականացվել է նաև մշտադիտարկում՝ ապատեղեկատվության կանխարգելման, կեղծ, խուճապ առաջացնող, ստահոդ լուրերի տարածման կանխման աշխատանքներ՝ զուգահեռաբար զետեղելով նաև օգտակար նյութեր՝ հնարավոր վտանգների և վարվելականոնների վերաբերյալ:

Գործնական պարապմունքի ավարտից հետո կազմակերպվել է ամփոփիչ վերլուծություն, որի շրջանակում դիտարկվել են թե՛ իրականացված գործողությունների արդյունավետությունը, թե՛ առկա թերությունները։ Վերլուծվել են բացերը, պարզվել են բարելավման ենթակա կետերը, իսկ մասնակիցներին տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ հետագա բարելավման և արդյունավետության բարձրացման համար։

«Նշենք, որ անձնակազմի վերապատրաստման և գիտելիքների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով աղետներից քաղած դասերը՝ այսպիսի միջոցառումները կարևոր քայլ են աղետներին արագ և ճիշտ արձագանքելու համար, քանի որ վերջիններս թույլ են տալիս առավել արդյունավետ դիմակայել աղետներին՝ ստեղծելով հստակ և համակարգված արձագանքման մեխանիզմներ, միաժամանակ նպաստել դիմակայության ամրապնդմանը և լայն հասարակության հանրային գիտակցության բարձրացմանը»,-ասվում է Փրկարար ծառայության հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր