211652_close_icon
views-count3295 դիտում article-date 17:55 26-11-2024

Արագածոտնի պարեկների ու Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների շնորհիվ Երևան-Գյումրի ճանապարհին հնարավոր եղավ փրկել «Tesla»-ի վարորդի կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի իրենց տրանսպորտային միջոցների մեջ ունենան դեղատուփ՝ անհրաժեշտ պարագաներով, որոշ վարորդներ նեղսրտում են, անգամ ՝ սոցիալական ցանցերում քննարկում ու մեղադրում են պարեկային ծառայությանը, թե «դեղատուփի ժամանակ են գտել», մինչդեռ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ տեղի են ունեցել ավտովթարներ ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը՝ տվյալ վթարի վայրը սպասարկող պարեկները, երբեմն էլ նաև հոգատար քաղաքացիները, իրենց ավտոմեքենաներում պահվող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ պարագաներ՝ վիրավորին կամ վիրավորներին տեղում բուժօգնություն ցուցաբերելով:

Եղել են բազմաթիվ դեպքեր, որ շտապօգնության բժիշկները իրենց գոհունակությունն են հայտնել թե՛ պարեկներին, թե՛ քաղաքացիներին՝ վիրավորին ճիշտ բուժօգնություն ցուցաբերելու հարցում:  

Իսկ ինչքան էլ որոշ «վայ-վարորդներ» նեղվեն, որ դեղատուփի ժամանակը չէ, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ, ապա օպերատիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների շնորհիվ քաղաքացու կյանքը փրկվեց:  

Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 42.5 կմ հատվածում Արագածոտնի մարզի պարեկները վթարի վայրում ծառայություն կատարելիս են լինում, երբ մի քանի քաղաքացի մոտենում են պարեկներին, ու հայտնում, որ դեպի Երևան ընթացող «Tesla» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, դեմքն ամբողջությամբ սպիտակել է, ու կան կասկածներ, որ նա իրեն լավ չի զգում:

Տեղում գումարտակի հրամանատար Ա. Խաչատրյանը պարեկների հետ իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից հանում են անհրաժեշտ պարագաներ, ինչից հետո, քանի որ վթարի հետևանքով առաջացել է խցանում, պարեկներից մեկը «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին ուղեկցում է նշված վայր ու արդեն տեղում բժիշկները իրենց գործողությունները կատարելուց հետո նրան տեղափոխում են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շտապօգնության բժիշկներն ասում էին, որ եթե մի քիչ բուժօգնությունը ուշանար, հնարավոր է՝ այդ տղամարդը առողջական ավելի լուրջ խնդիրների առաջ կանգներ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր