211652_close_icon
views-count57277 դիտում article-date 22:37 02-11-2024

Արթիկի հիվանդանոց տեղափոխված 30-ամյա տղամարդու մոտ բժիշկները արձանագրել են մահ․ գյուղացիներն էլ ասում էին․ «Մահվան հիմնական մեղավորներից մեկը «Շուրա Բալագանով» մականվամբ, ոստիկանության Արթիկի բաժնի պետն է»․

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 28-ամյա Գուրգեն Քերոբյանը, իսկ մահացածը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ․-ն է։

Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հարություն Ադամյանի գլխավորությամբ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ այսօր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցում գտնվող ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում վիճաբանության ժամանակ Շիրակի մարզի բնակիչ 29-ամյա Արգիշտի Ա․-ն սուր կտրող, ծակող գործիքով հարվածել է Գևորգ Գ․-ի թիկունքին ու մինչ Արթիկի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի գլխավորությամբ, իմիտացիա կստեղծեին, թե իբր աշխատանքներ են կատարում՝ հանցագործությունը բացահայտելու համար, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հայտնաբերում են կասկածյալ Արգիշտի Ա․-ին և նրան տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։ 

Դեպքի վայր են ժամանում նաև Շիրակի մարզային վարչության պետ Աղասի Իսահակյանն ու Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանը։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալի հագին եղած վերարկուի գրպանում հայտնաբերվել է ծալովի դանակ և պարզվում է՝ արդյոք նշված դանակով է նա հարվածել, թե այլ։ 

Դեպքի փաստով Անիի և Արթիկի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 155-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մեղրաշեն գյուղի մի քանի բնակիչներ նշված սպանության մեջ մեղադրում են ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին ու անձամբ բաժնի պետ Հարություն Ադամյանին, քանի որ երեկ գյուղում միջադեպ է տեղի ունեցել, վիճաբանություն, և դանակահարությունը դրա շարունակությունն է։

Գյուղացիներն ասում էին․ «Եթե Արթիկի ոստիկանապետը, ով մարզում ավելի շատ հայտնի է «Շուրա Բալագանով» մականվամբ, տեղում լիներ, ապա կտիրապետեր օպերատիվ իրավիճակին։ Երեկ, որ վիճաբանություն է տեղի ունեցել, որպես հանցագործության նախականխում նա կձեռնարկեր անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում՝ օպերատիվ հետախուզական ու կկանխեին դեպքը և այսօր երիտասարդ տղան չէր սպանվի։ Ոստիկանության ղեկավար կազմը պետք է հետևություններ անի»։ 

Քննիչի որոշմամբ կասկածյալ Արգիշտի Ա․-ն ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր