211652_close_icon
views-count49243 դիտում article-date 22:01 16-10-2024

Երևանում՝ ՀՀ ՆԳՆ վարչական շենքի հարևանությամբ, «Porsche Cayenne»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը անցնելիս է եղել հետիոտնային անցումով. «Porsche»-ում գտնվողներն էլ եղել են ոչ սթափ ու ասում էին, որ մեքենան իրենք են վարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:20-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի «90 YV 909» համարանիշի ավտոմեքենան Կորյուն և Չարենց փողոցների հատման վայրում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության վարչական շենքի հարևանությամբ՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ և 4-րդ գումարտակների պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում «Porsche Cayenne»-ի մեջ գտնվող 2 քաղաքացիներ ասում էին, որ վարորդներն իրենք են եղել։ 

Տեղում ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, և ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները պարզել են նշված անձանց ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք են Երևանի բնակիչներ 52-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 37-ամյա Արմեն Հովակիմյանը։

Վերջիններս վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել, ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, ավտոմեքենայի ապակիներն էլ եղել են մգացված։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Խաչատրյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նշված անձանցից ով է եղել վարորդը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ոստիկանության ծառայող է, ում ինքնությունը նույնպես պարզվում է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր