211652_close_icon
views-count1507 դիտում article-date 12:37 08-10-2024

Վաղը լուռ մնացած դասախոսները ամաչելու են ուսանողների աչքերին նայել, թույլ մի՛ տվեք դակեն օրենքը. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը երբևիցե եղած ամենավատ նախագիծն է, այս նախագծով քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը: ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը:

Նրա խոսքով՝ իշխանական քաղաքական ազդեցութուն ունեցող մարդիկ՝ էլ ավելի մեծ հնարավորություն են ստանալու ազդել բուհում իրականացվող որոշումների վրա:

«Այս նախագծով բուհի ակադեմիական խորհուրդը, որը գիտխորհրդին փոխարինող մարմին է որպես հանդես գալիս, ուսանողների մասնակցությունը կարող է լինել մինչև 10 տոկոս, այն էլ չի նշանակում որ այդ տաս տոկոսը երաշխավորված է, իսկ նախկինում 25 տոկոս էր:

Սա խոսում է այն մասին, որ ուսանողական ինքնակառավարումը լրիվ զրոյական մակարդակի է հասնում: Կոչ եմ անում ուսանողական խորհուրդներին անմիջապես սկսել քննարկումներ՝ այս հարցը բարձրաձայնելու համար, սա իրենց իրավունքների ոտնահարում է»,- ասաց Ակոպյանը:

Նա ընդգծեց, որ եթե նախկինում  բուհի հոգաբարձուների խորհրդի անդամները դրսից էին, այսինքն 25 տոկոսը ներկայացնում էր լիազոր մարմինը, 25 տոկոսը՝ հիմնադիր, ապա հիմա սա էլ ամբողջությամբ միանձնյա են դարձնում, միայն լիազոր մարմինն է ներկայացնելու:

«Այսինքն, պաշտոն զբաղեցնող մարդկանցից վարչապետն էր ներկայացնում, նախարարը և այլն, իսկ հիմա ամբողջությամբ 50 տոկոսը նախարարի ձեռքում է, լիազոր մարմնի ձեռքում է, ում կուզեն կնշանակեն: Ամբողջ փաթեթը հայտնվում է մեկ մարդու ձեռքում՝ դա լիազոր մարմնի ղեկավարն է լինելու: Սա հակասում է ՀՀ Սահմանադրությանը, քանի որ Սահմանադրությամբ ասվում է՝ բուհերը պետք է ունենան ինքնավարություն»,- նշեց նա:

Ակոպյանը կոչ արեց, որ դասախոսները խոսեն այս մասին և չթողնեն որ օրենքը դակեն:

«Իշխանությունն անցողիկ է, վաղը լուռ մնացած դասախոսները ամաչելու են ուսանողների աչքերին նայել»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր