211652_close_icon
views-count132109 դիտում article-date 22:46 23-09-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Mercedes»-ը մխրճվել է կայանված «KamAZ»-ի հետնամասի մեջ. կա 1 զոհ, վիրավորը փաստաբան է, մահացածը նրա պաշտպանյալը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 71 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արարատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «KamAZ»-ը կայանված է եղել, երբ «Mercedes» մխրճվել է նրա հետնամասի մեջ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր