211652_close_icon
views-count119909 դիտում article-date 10:30 09-07-2023

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Mercedes-ը մխրճվել է ցեմենտով բարձված KamAZ-ի հետնամասի մեջ․ կա 2 զոհ, 3 վիրավորներից 1-ը երեխա է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Աղավնաձոր գյուղի բնակիչ 27-ամյա Արամ Հակոբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 115․9 կմ հատվածում Արփի գյուղի վարչական տարածքում մխրճվել է ճամփեզրին կայանված՝ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Վարդան Հակոբյանին պատկանող KamAZ մակնիշի բեռնատարի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր՝ Աղավնաձոր գյուղի բնակիչ 58-ամյա Բայթուն Գրիհգորյանը «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Իսկ վարորդ Ա․ Հակոբյանը, Mercedes-ի մյուս ուղևորներ՝ Աղավնաձոր գյուղի բնակիչներ Սուսան Բաղդասարյանը, 45-ամյա Լուսինե Սահակյանն ու Երևանի բնակիչ 11-ամյա Ալեքս Ջաղացպանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վահոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, KamAZ-ի վարորդը և հրշեջ փրկարարները։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։ Իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին։ 

Հրշեջ-փրկարարաները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի և դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Մինչ քննչական խումբը դեպքի վայրի զննություն էր կատարում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ վիրավորներից Ս․ Բաղդասարյանը վիրահատարանում մահացել է։ Իսկ վիրավորներից 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Դեպքի փաստով Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ KamAZ-ը բարձված է եղել ցեմենտով և ունեցել է տեխնիկական խնդիր։ Վարորդն էլ թույլատրելի հատվածում կայանել է մեքենան, լուծել տեխնիկական խնդիրը։ Եվ երբ ավարտել է գործը, այդ ժամանակ Mercedes-ը դեպի Երևան ընթանալիս՝ մխրճվել է KamAZ-ի հետնամասի մեջ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր