211652_close_icon
views-count61464 դիտում article-date 12:04 16-09-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ. հետիոտնը տեղում մահացել է. մինչ քննիչը գործողություններ էր կատարում, պարեկները տաք հետքերով հայտնաբերեցին վրաերթ կատարողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 20:15-ին կանչով մեկնել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի արագաչափի մոտ, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 20:00-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքեանայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Սիլվա Ա.-ն, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:  

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:  

Դեպքի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննիչը, ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ վրաերթը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 68-ամյա Սերժիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով:  

Պարեկները ճշտում են՝ որ ուղղությամբ է նա վրաերթից հետո մեկնել, ու կարճ ժամանակում տաք հետքերով նրան հայտնաբերում են, ապա մահվան ելքով վրաերթ կատարելու ու դեպքի վայրը լքելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Եղեգնաձորի  բաժին:

Հայտնաբերել են նաև ավտոմեքենայի առջևի հատվածն ու դիմապակին ամբողջությամբ վնասված «Mercedes»-ը, որը տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:  

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր