211652_close_icon
views-count58298 դիտում article-date 20:37 05-08-2024

Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. Դիլիջանի անտառից հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել են դանակ, արնանման հետքեր. ժամանել են մարզի ոստիկանապետը, քննչականի պետն ու դատախազի պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի քաղաքացի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Խաչատրյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Բազունցը և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնի ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել է։

Ահազանգով հիվանդանոց է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Արգամ Ռաֆայելյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետի պետի տեղակալ Ա. Մազյանի գլխավորությամբ։

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Վասիլ Սարգսյանը։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։

Ոստիկանները ու քննիչները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ, պարզել են՝ որտեղից է վիրավորը տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները ժամանում են նշված վայր, որը Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի անտառում գտնվող՝ իբրև զրուցարան օգտագործվող տարածքն է, այնտեղ հայտնաբերում են արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլ կարևոր իրեր։

Տեղում աշխատում են նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի հյուսիսային բաժնի պետ Ա. Ամիրաղյանը, նույն բաժնի գլխավոր փորձագետ Ա. Առաքելյանը և ավագ փորձագետ Լ. Կրիտյանը։

Տարածքը սահմանազատել են պարեկ Արամ Ղազարյանն ու կրտսեր պարեկներ Հայկ Սարուխանյանը, Աշոտ Էլլարյանն ու Վաչե Առաքելյանը։

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն կասկածյալներ և ունեն նաև օպերատիվ տեղեկություններ, որ վիրավորներ էլ կան, որոնց ինքնությունը պարզում են։

 Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր