211652_close_icon
views-count47409 դիտում article-date 15:29 05-05-2026

Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կասկածելի իրեր. ժամանել են Երևանի քրեական ոստիկանության պետն ու Շենգավիթի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի, և ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։

Մինչ կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 185+
185+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր