211652_close_icon
views-count1396 դիտում article-date 10:40 08-07-2024

Երևանում տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, դրանց մեծ մասը օրինականացնելու ենք. Տիգրան Ավինյան

Երևանում տասնամյակներ շարունակ առանց համապատասխան թույլտվությունների և օրենսդրական պահանջների կառուցվել են ինքնակամ շինություններ, որոնք մինչ օրս մեծ խնդիր են և՛ դրանք տիրապետողների, և՛ քաղաքապետարանի համար:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ներկայումս քաղաքապետարանի կողմից մեծ ծավալով ուսումնասիրվում և կայացվում են որոշումներ դրանց օրինականցման համար: Խոսքը նրանց մասին է, որոնք մինչև 2021 թ-ի հունվարի մեկն են գրանցվել, բայց սա չի նշանակում, որ բոլորն օրինականցվում են: Սա նշանակում է օրինականցվողների ծավալն այս շրջանում էականորեն մեծ է լինելու»,- ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ որևէ տեսակի միջնորդական ծառայություններ այս գործընթացում չկան և չեն կարող լինել:

«Եթե որոշ ընկերություններ կամ որոշ մարդիկ կմոտենան ձեզ այս կամ այն հարցով օրինականացման հետ կապված և կփորձեն միջնորդական ծառայություններ մատուցել, ուզում եմ տեղեկացնել, որ դրանք ուղղակի այս իրավիճակից փորձում են որոշակի գումար վաստակել»,- ասաց նա:

Քաղաքապետը վստահեցրեց, որ այդ միջնորդական ծառայություններ առաջարկող մարդիկ և ընկերությունները որևէ ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ այս որոշումների վրա:

Նա խնդրեց, որ դիմումները թարմացնեն, եթե կան այդպիսի դիմումներ և վստահ լինեն, որ Երևանի քաղաքապետարանն ամբողջ ծավալով կդիտարկի հարցերը և համապատասխան որոշումներ կկայացնի:

Նմանատիպ նյութեր