2697 դիտում
14:29 20-03-2020
Լոռու մարզում պետական սեփականության անտառային հողերի վրա անարգել ինքնակամ շինություններ են կառուցվել. հարուցվել է քրգործ
ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության արժանացած՝ «Hetq.am» կայքում 16.09.2019թ. հրապարակված «Բետոնապատ կառույցներ և փշալարերով շրջափակված տարածքներ, ովքեր են վարձակալում Լոռու անտառները և ինչ նպատակով» վերտառությամբ հոդվածն ուղարկվել էր Լոռու մարզի դատախազություն՝ դրանում նշված հանգամանքները ուսումնասիրելու և ընթացքը լուծելու նպատակով։
Մարզի դատախազության տված հանձնարարությամբ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել է, որ 2010-2018թթ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և մի քանի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև կնքվել են անտառային հողերի վարձակալության պայմանագրեր: Դրանցով վերջինիս վարձակալությամբ տրամադրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառպետության տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անտառային հողի առանձին հատվածներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսությունից տեղեկացվել է, որ անտառային այդ տարածքների վարձակալները վարձավճարները պատշաճ վճարել են, ուստի նրանց հանդեպ պարտք ու պահանջ չկա:
Վերոգրյալի հիման վրա հանցագործության դեպքի բացակայության հիմքով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում 2019թ. հոկտեմբերի 9-ին քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել:
Հիշյալ նյութերը պահանջվել և ուսումնասիրվել են ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում: Պարզվել է, որ նախապատրաստված նյութերով գնահատական է տրվել միայն անտառային հողերը վարձակալած անձանց արարքներին: Մինչդեռ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և քաղաքացիների կամ իրավաբանական անձի միջև կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված՝ վարձակալի կողմից բաժանելի և անբաժանելի բարելավումներ կատարելու կարգը սահմանող, կապիտալ շինարարություն իրականացնելն արգելող դրույթների և քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ վարձակալների կողմից 2013 և 2017թ. հիշյալ հողամասերում ինքնակամ կառուցվել են հիմնական շինություններ:
Եվ չնայած այն հանգամանքին, որ փաստական տվյալներ են ստացվել իրավասու անձանց արարքներում ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ՝ քննության շրջանակներում այն քննարկման առարկա չի դարձվել, իրավական գնահատական չի տրվել վարձակալած անտառային տարածքներում վարձակալների կողմից թույլ տրված խախտումները հայտնաբերելու, արձանագրելու և կանխելու պարտականությունների կատարման առումով իրավասու մարմինների պաշտոնատար անձանց արարքներին:
Ելնելով դրանից՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրավոր հանձնարարություն է տրվել նախապատրաստել նյութեր՝ համապատասխան իրավասու անձանց արարքներին ևս իրավական գնահատականներ տալու նպատակով: Արդյունքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի բաժնում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1333 դիտում
10:40 08-07-2024
Երևանում տասնամյակներով ինքնակամ շինություններ են կառուցվել, դրանց մեծ մասը օրինականացնելու ենք. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
589 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
478 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
709 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am