211652_close_icon
views-count1192 դիտում article-date 14:52 20-06-2024

«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր

Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր, ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: NEWS.am-ի հետ զրույցում նրա ընկերներից Սաթինե Պողոսյանը պատմում է՝ գյումրեցի Արմենը երազում էր բանակից վերադառնալ ու հայրենի քաղաքում ձայնագրման ստուդիա հիմնել, որտեղ հնարավորություն կունենար ձայնագրել իր հեղինակային երգերը:
«Արմենը ուսումնարանում համակարգչային օպերատորության բաժնում էր սովորում, կարմիր դիպլոմով էր ավարտել ուսումնարանը: Բացի այդ հեղինակային երգեր էր գրում, երգում, ընկերների հետ տեսահոլովակներ նկարում: Ասում էր՝ երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու, դու էլ որպես պարուհի իմ տեսահոլովակներում կնկարահանվես: Բոլորիս ասում էր կտեսնե՛ք, մի օր Միյագիի հետ նույն բեմում եմ երգելու»,-պատմում է Սաթինեն:

Սաթինե Պողոսյանն ասում է՝ Արմենը տան միակ տղան էր, իրենից փոքր մեկ քույր ուներ.

«Դեպքից հետո երկու անգամ եղել ենք Արմենենց տանը, բայց ո՛չ ծնողների հետ է հաջողվել զրուցել, ո՛չ էլ քրոջ: Դե հասկանում ենք՝ ցավը մեծ է։ Արմենն այնքան բարի էր, կամեցող, ընկերասեր ու կատակասեր, երբեք նրան տխուր չէիք տեսնի: Միշտ բոլորի հետ լավ հարաբերություններ ուներ, ուսումնասարանում էլ բոլորի հետ մտերիմ շփվում էր»:

Նմանատիպ նյութեր