211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:08 09-06-2024

DIOR cosmetics-ի և SVIATO-ի մասնագետները դիմահարդարում են սովորեցրել ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց

Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի հովանու ներքո  գործող Հայ-ֆրանսիական հոգեբանական և սոցիալական աջակցման կենտրոնը շարունակում է աջակցման ծրագրերը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 8-9-ը կազմակերպությունը դիմահարդարման և կոսմետոլոգիայի անվճար դասընթաց է կազմակերպել ԼՂ-ից տեղահանված կանանց ու աղջիկների համար։

«Այս դասընթացը երկու նպատակ ունի՝  լավագույն մասնագետների շնորհիվ օգնել կանանց նոր մասնագիտություն ձեռք բերել։ Սա նաև կանանց համար յուրահատուկ թերապիա է` կարճ ժամանակով առօրյա հոգսերից կտրող»,- «Արմենպրես»-ին նշեց «Լույս» ասոցիացիայի հիմնադիր նախագահ Լևոն Խաչատրյանը։

Դասընթացների շրջանակներում  դիմահարդար, կոսմետոլոգներ Մարգարիտա Մնացականյանը   և Անժելա Հայրապետյանը  ներկայացրեցին հոնքերի ձևավորման և փոշեդրման, տոնական  և ամենօրյա դիմահարդարման  և ինքնախնամքի գաղտնիքները:

«Այս դասընթացը կարող է լավ հիմք հանդիսանալ, որպեսզի մասնակիցները որպես մասնագիտություն դիտարկեն նաև կոսմետոլոգի ու դիմահարդարի մասնագիտությունները։ Բավական խիտ ու բազմազան են թեմաները։ Հետագայում դասընթացների ընթացքում մենք կընտրենք մասնակիցներ, ովքեր կկարողանան առաջ գնալ, ու կաջակցենք սեփական գործն ունենալուն։ Բացի այդ,  այս ընթացքում կանայք ու աղջիկները կարճ ժամանակով կտրվում են իրենց հոգսերից, սովորում ոչ  միայն  հարդարել մյուսներին, այլ նաև  ճիշտ խնամվել ու դիմահարդարվել»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց «Լույս» ասոցիացիայի  անդամ, կոսմետոլոգ Մարգարիտա Մնացականյանը՝ վստահեցնելով՝ «Լույս» ասոցիացիայի դասընթացները լինելու են շարունակական։

Նշենք, որ դասընթացի մասնակիցների համար սա  լավագույն հնարավորությունն էր անվճար մասնակցելու Փարիզի DIOR cosmetics-ի դիմահարդար, կոսմետոլոգ Մարգարիտա Մնացականյանի և SVIATO միջազգային  ակադեմիայի դասընթացավար Անժելա Հայրապետյանի դասընթացներին։

Դասընթացի ավարտին մասնակիցներին տրամադրվեցին  վկայականներ։

Նմանատիպ նյութեր