211652_close_icon
views-count91349 դիտում article-date 12:37 08-06-2024

Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր․ ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարաները և «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Մահացածներին «06»-ի միջից  դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, ապա մահացածների մարմինները մոտեցրել են դիատարերին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ մինչ նրանց ժամանումը խցանում էր առաջացել, սակայն ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Տարածքը սահմանազատել են պարեկ Գրիգոր Ծերեթյաննն ու Սամվել Կարապետյանը։

Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի, Մասիսի քննչական բաժնի պետի տեղակալ Արթուր Բաբայանի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչ Նարե Սիմոնյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորներիի ինքնությունը։

Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 164+
164+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր