211652_close_icon
views-count18560 դիտում article-date 14:43 20-05-2024

Քեզ բացակա չենք դնի. Երևանում՝ Չաուշի 14/3 շենքի բակում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Խաչատուր Միքայելյանի հիշատակին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 19-ին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Խաչատուր Միքայելյանի հիշատակին նվիրված խաչքար-ցայտաղբյուրի բացումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներկա էին հերոսի ծնողները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, հարևաններ, հյուրեր՝ Հանրապետության տարբեր մարզերից:

Խաչքարի բացման պատիվն ընձեռվեց հերոսի հայրիկին՝ Առնակ Միքայելյանին, ապա այն օծեց Հոգևոր Հովիվը:

Խաչատուր Առնակի Միքայելյան

Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասում: Տան առաջնեկն էր: Գերազանց առաջադիմությամբ և ոսկե մեդալով ավարտել է Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 դպրոցը, 2016-2019թթ. սովորել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում՝ «Ֆինանսներ» մասնագիտությամբ:

Փայլուն առաջադիմությամբ ավարտելով քոլեջը՝ ուսումը շարունակել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ միանգամից 2-րդ կուրսից: Համալսարանում երկրորդ կիսամյակի քննությունները հանձնելուց հետո 2020 թվականի հունվարի 14-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության անցնելով Հադրութի N զորամասում՝ որպես գնդացրորդ:

Խաչատուրն ուներ զինծառայությունից ազատվեու հնարավորություն. հայրը՝ Առնակ Հրանտի Միքայելյանն Ացախյան առաջին ազատամարտի մասնակից է, երկրորդ կարգի զինհաշմանդամ: Բայց Խաչատուրն ընտրեց իր՝ ճշմարիտ հայրենասերի ճանապարհը: Նա մարդկային ամենաազնիվ գծերի խտացում էր. բնավորությամբ կատակասեր էր, յուրահատուկ երիտասարդ. քչախոս էր, բայց նրա յուրաքանչյուր միտքն իմաստալից ու կշռադատված էր:

Հայրենասիրությունը արմատացած էր նրա մեջ. մայրը՝ Աշխեն Վրեժի Կոստանյանը, պատմում է, որ մի օր Ռոբերտ Աբաջյանի մասին ֆիլմ էին դիտում ու երբ ինքն ափսոսելով ասում է՝ ինչի՞ համար, Խաչատուրը վստահ պատասխանում է. «Մա՛մ ջան, ըսենց դուխով տղերքն են մեր երկրին պետք, շատ ափսոս՝ ինչեր կանեին հայրենիքի համար»: Այս ասելիս Խաչատուրը չէր էլ պատկերացնի, որ մի օր էլ ինքն  է Ռոբերտ Աբաջյանի նման մինչև վերջին փամփուշտը կռիվ տալու հայրենիքի համար:

 Ծառայության էր անցել Արցախի Հադրութի զորամասում: Քանի որ շատ ընդունակ էր, բանակում շատ արագ յուրացնում է զենքին տիրապետելու հմտությունները: Փայլուն նշանառություն ուներ: Սկսվում է չարաբաստիկ պատերազմը: 

 Խաչատուրի վաշտի զինվորներին պատերազմի առաջին օրը Հադրութից տարել են Ֆիզուլի՝ պատերազմի ամենաթեժ կետը: Տղաները կռվել են թշնամու «Յաշմա» ջոկատի դեմ և չեն թողել, որ նենգ թշնամին առաջ գա։
Պատերազմի ժամանակ ուսից վիրավորվել է: Օգնությունը մոտեցել է, իջեցրել են ներքև, չի մնացել, ասել է.

«Ցավազրկե՛ք, ես գնամ տղերքի մոտ»: Անցել է մեկ ժամ, ընկերները տեսել են, որ Խաչատուրը շտապօգնության մեքենայից նորից իջել է: Տղաները հորդորել են, որ գնա հիվանդանոց, ասել է. «Լավ էլի, տղե՛րք, մի հատ ծխելու տվեք, նորմալ է»: Ընկերներից Աբիգ Մարգարյանը, որը նույն դիրքում  է եղել, պատմում է, որ Խաչատուրը այդպես վիրավոր մինչև վերջ մնացել է տղաների մոտ: Ընկերները պատմել են, որ Խաչը շատ լուռ էր. միայն աչքերն էին շատ արյուն լցվել ամեն ընկերոջ կորստի հետ:

Պատերազմի ժամանակ հոր հետ խոսելիս ասել է՝ հանկարծ չգաս, դու մնա մամայի ու քուրիկի մոտ: Խաչատուրի վերջին զանգը եղել  է սեպտեմբերի 29-ին:

Խաչատուր Առնակի Միքայելյանին հետմահու շնորհվել է «Արիության» մեդալ:


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 521+
521+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր