211652_close_icon
views-count75057 դիտում article-date 11:17 18-05-2024

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Mercedes»-ը «Մշո օջախ» ռեստորանի մոտ բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա տղան, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է, հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Երվանդ Բաղդասարյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում «Մշո օջախ» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա ծառին, արմատախիլ արել այն ու մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Արմեն Հ.-ն «Թալին» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին, նված բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայում, գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, դասակի հրամանատար Հարութուն Պողոսյանի, օրվա պատասխանատու Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Իսրայելյանն ու Սմբատ Հակոբյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Խոդեդա Մարկոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վաչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ռաֆայել Անանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպնավող հատուկ տարածք:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորը վերադառնում էին ձուկ բռնելուց, իսկ երեխային բժիշկները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, ու եթե նա ամրակապված լիներ, հնարավոր էր՝ վթարը ողբերգական ավարտ չունենար:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր