211652_close_icon
views-count86311 դիտում article-date 23:04 02-05-2024

Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 2-ին, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել են մարտական ատրճանակ, իսկ տան տերն էլ ոստիկաններին հայտնել է, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել է իր վրա, երբ ինքը փորձել է տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել է նաև գումար, ապա դիմել է փախուստի։

Տարածքը սահմանազատել են պարեկ Նարեկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Աղասի Հովհաննիսյանը։ 

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել է նաև փորձաքրեագետը։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Պարզվում է նաև տուժած քաղաքացու ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր