211652_close_icon
views-count60427 դիտում article-date 11:19 23-04-2024

Գեղարքունիքի մարզում պարեկները «ԼԻԱ ԿԱՖ» ՍՊԸ-ի վաճառքի մենեջերի  «Land Rover»-ը տեղափոխեցին հատուկ պահպանվող տարածք, որտեղ հայտնաբերվեց կասկածելի թմրամիջոց․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 21-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցնում է «Land Rover» մակնիշի ավտոմեքենա։ 

Պարեկների մոտ վարորդի պահվածքը կասկածներ է առաջացրել, որից հետո  ավտոմեքենայի արտաքին զննության ժամանակ վարորդի նստատեղի տակի տեսանելի վայրում պարեկները  նկատում են կասկածելի փաթեթ։ Ստուգմամբ անձեռոցիկում հայտնաբերվում է դեղնականաչավուն զանգված։

Վարորդը Սյունիքի մարզի բնակիչ Աշոտ Հ․-ն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 47-ամյա Էդգար Վ․-ն թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով պարեկների կողմից ձերբակալվում  և տեղափոխվում  են ոստիկանության Սևանի բաժին, ավտոմեքենան էլ հատուկ պահպանվող տարածք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանության բաժնում Աշոտ Հ․-ն նշված ավտոմեքենայի վարորդի նստատեղի տակի տեսանելի վայրից ներկայացրել է կաթոցիչ լցված կիսամոխրացված դեղնականաչավուն զանգվածով, իսկ ավտոմեքենայի ուղևոր Էդգար Վ․-ն հայտարարել է, որ ներկայացվածները հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրանյութ և պատկանում է  իրեն, ինչը գտել է Զովունի գյուղի ճանապարհից 4 ամիս առաջ, պահել է իր անձնական օգտագործման համար և օգտագործել է մոտ 3 ամիս առաջ:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված զանգվածը կշռվել է և ընդհանուր քաշը անձեռոցիկով կազմել է 7.29գ., մաքուր քաշը 3.16գ., իսկ կաթոցիչը 2.29գ.:

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք ձերբակալվածներ Աշոտ Հ․-ի և Էդգար Վ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աշոտ Հ․-ն աշխատում է «ԼԻԱ ԿԱՖ» ՍՊԸ-ում՝ որպես վաճառքի մենեջեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր