211652_close_icon
views-count721 դիտում article-date 11:20 11-04-2024

Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit 2024 ամենամյա զեկույցը, որի շրջանակում զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման միջև՝ Արցախում կատարվածը որակավորելով «էթնիկ զտում»:

Զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարումը Nations in Transit-ում ներառված երկրներում 20-րդ տարին անընդմեջ անկում է ապրել 2023 թվականին: Եվրասիական ավտոկրատ պետությունների կողմից հիմնական ազատությունների վրա շարունակվող հարձակումը և ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վատթարացումը հիբրիդային ռեժիմներին դասվող երկրներում (ունեն ավտոկրատական և դեմոկրատական հատկանիշներ) հեշտությամբ գերազանցել են եվրոպական ժողովրդավարական երկրների կողմից անցած տարվա ընթացքում գրանցած համեստ ձեռքբերումները:

Այս զեկույցում ընդգրկված 29 երկրից 10-ն անկում է ապրել ժողովրդավարության վարկանիշում, մինչդեռ միայն հինգն է բարելավել դիրքերը:

«Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորում է ընթանում։ Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի շարունակական փորձը և ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային նվաճումը ևս մեկ անգամ ցույց տվեցին ավտոկրատիայի էքսպանսիայի մահացու հետևանքները։ Վերջին տարիների այս և այլ իրադարձությունները արագացրել են աշխարհաքաղաքական վերադասավորումը տարածաշրջանում, որտեղ երկրները դասավորվել են երկու հակադիր բլոկներում: Ավտոկրատ պետությունները շարունակել են խորացնել իրենց բռնաճնշումները՝ միաժամանակ համագործակցելով միջազգային նորմերը խախտելու համար... Այս ռեժիմներն ակտիվորեն աջակցել են միմյանց պատժամիջոցներից խուսափելու, ներքին ընդդիմությանը ջախջախելու և ռազմական ագրեսիայի և միջազգային իրավունքի այլ խախտումների համար պատասխանատվությունը չեզոքացնելու հարցում: Իրականում նրանք ստեղծում են նոր տարածաշրջանային կարգ, որն ավելի լավ է համապատասխանում նրանց շահերին, և ժողովրդավարական երկրները դեռ պետք է համարժեք պատասխան տան», - նշվում է զեկույցում:

Փորձագետների գնահատմամբ՝ Հարավային Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայի փախչել:

«Նրանք այժմ հիմնականում բնակություն են հաստատել հենց Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով ավելի լավ կառավարման պահանջներին», - նշել են հեղինակները:

Ըստ զեկույցի՝ 2022 թվականի փետրվարին Կրեմլի ներխուժումն Ուկրաինա ամենևին էլ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական վարչակարգի վերջնական հարձակման հիմնական պատճառը չէր:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտորեն խոսում էթնիկ հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը ջնջելու իր մտադրության մասին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը բացեց նվաճման դուռ, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում խաղաղապահ պարտականություններից, և ժողովրդավարական աշխարհը նույնպես կլանված էր Կիևին աջակցելու իր ջանքերով: Բաքուն իր սեպտեմբերյան հարձակման հիմքը դրեց ամիսներ տևած շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկեց առաջին անհրաժեշտության ապրանքներից: Երբ սկսվեց ռազմական հարձակումը, տեղական պաշտպանական ուժերը համաձայնեցին վայր դնել զենքերը, և տեղական իշխանությունը լուծարվեց: Ռուսաստանի խաղաղապահները ոչ մի ջանք չեն գործադրել միջամտելու համար... Մինչդեռ ադրբեջանական զինուժը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` վերջին տարիներին բազմաթիվ բախումներից հետո գրավելով այդ երկրի տարածքի մի հատված», - ասվում է  զեկույցում:

Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ Ալիևի հաղթանակները՝ քաղաքական և ռազմական, կարող են պարզապես բացել նրա ախորժակը։ Նրա երդմնակալության ելույթը ներառում էր հայկական հավելյալ տարածքի վերաբերյալ նոր պահանջներ։

«ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված որևէ վստահելի զսպող գործոնի բացակայության պայմաններում՝ Կովկասում ավելի ավտորիտար ագրեսիայի ակնհայտ ներուժ կա», - նշել են հեղինակները:

Նմանատիպ նյութեր