211652_close_icon
views-count49109 դիտում article-date 12:38 05-04-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան. տրոլեյբուսի վարորդը եղել է ոչ սթափ (խմած). ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս խիստ հանձնարարականներ է տվել Երևանի քաղաքի տրանսպորտի վարչության պետին, որպեսզի նա իր հսկողության տակ պահի մայրաքաղաքում ավտոբուսների և տրոլեյբուսների վարորդների կարգապահությունը, որոնց մեջ է մտնում նաև, որ վարորդները երթուղի դուրս գալուց առաջ պարտադիր բուժզննում անցնեն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամսոն Ալեքսանյանն ու Դավիթ Ղազարյանը:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ (խմած), իսկ «Toyota»-ի վարորդ Երևանի բնակիչ 55-ամյա Արայիկ Հախվերդյանը եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Հետաքրքիր է, երբ տրոլեյբուսի վարորդը դուրս է եկել երթուղի, արդյո՞ք դիսպետչերական կետում դիսպետչերը կամ բժիշկը զննել են նրան, հակառակ դեպքում նա, լինելով խմած, չպետք է դուրս գար երթուղի, նրան չպետք է վստահեին տրոլեյբուսը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ վթարի վայրում աշխատում էին պարեկները՝ «Տրոլեյբուս» ՓԲ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը, տեղեկանալով դեպքի մասին, և որ վարորդը եղել է ոչ սթափ, տեղում նրան ազատել է աշխատանքից ու հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր