211652_close_icon
views-count54325 դիտում article-date 19:50 11-08-2023

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը տեխնիկական խնդիրներ ունենալու պատճառով բախվել է Toyota Rav 4-ին, Nissan-ին և Mercedes-ին, Mercedes-ն էլ Ford Fusion-ին. տրոլեյբուսն ու Nissan-ը հայտնվել են մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 11-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:45-ի սահմաններում թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը Կորյուն փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին թույլատրելի հատվածում կայանված Toyota Rav 4 մակնիշի, Nissan Rogue մակնիշի, Mercedes մակնիշի ավտոմեքենաներին: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ն էլ առաջ է ընթացել և բախվել թույլատրելի հատվածում կայանված Ford Fusion մակնիշի ավտոմեքենային: Հարվածի հետևանքով տրոլեյբուսն ու Nissan-ը հայտնել են հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառերին: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Սուրեն Փաշայանն ու Մհեր Մկոյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Պարեկները տեղում պարզել են, որ տրոլեյբուսը վարել է 26-ամյա Նարեկ Գասպարյանը:

Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: 

Վթարի պատճառը եղել է տրոլեյբուսի հետ տեխնիկական խնդիրները ու վարորդը, եթե ճիշտ չկողմնորոշվեր, արգելակների պատճառով կառավարումը կորցնելու հետևանքով տրոլեյբուսը կհայտնվեր մարդկանց մեջ և հենց վարորդի ճիշտ գործողությունների արդյունքում է, որ զոհեր և վիրավորներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր