211652_close_icon
views-count125924 դիտում article-date 09:39 01-04-2024

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 3102»-ին, ապա փլուզել բնակչի շինության պատը. վարորդը, ում ծննդյան օրն էր, հիվանդանոցում մահացել է. բնակիչներն էլ ասում էին՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ճիշտ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի ազրում: Ժամը 00:05-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Մովսես Դ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մուսալեռ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Արամայիս Հ.-ին պատկանող կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել բետոնե սյան վրա տեղադրված երկաթե արկղին, առաջ ընթացել, բախվել Արամայիս Հ.-ի տան՝ մի քանի մետր երկարությամբ պատին, փլուզել այն:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մովսես Դ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է:  

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տուժած տան ընտանիքի անդամներն ու «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության  Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են կայանված «ԳԱԶ 3102»-ը, և «Opel»-ը, ապա տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և օրվա պատասխանատու, նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սերգո Համբոյանն ու պարեկ Հակոբ Աղանյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային բաժանմունքի ավագ տեսուչ Նշան Կարապետյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ճանապարհին՝ առաջացնելով արհեստական խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեությունը կարգավորվեց:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:

Վթարի մասին ոստիկանության վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայրում հավաքված բնակիչները պահանջում էին պատկան մարմիններից, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արագաչափ, քանի որ դա կդառնա զսպաշապիկ՝ որոշ վայ-վարորդների համար ու վթարների թիվը կպակասի:

Նրանք ասում էին.

«Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ճիշտ էր, երբ օրեր առաջ ասում էր, որ վթարների հիմնական պառճառը լավ ու երթևեկության համար հարմար ասֆալտապատված ճանապարհներն են:

Երբ այս հատվածում ճանապարհներին փոսեր կային, հատուկենտ էին վթարիներ լինում:

Երբ կապիտալ ասֆալտապատվեց, գրեթե օրը մեջ ավտովթարներ են տեղի ունենում ու դա առաջին հերթին որոշ վարորդների պատճառով, ովքեր դժոխային արագությամբ են վարում մեքենաները՝ չմտածելով իրենց մասին, նույնիսկ երանի ենք տալիս քանդած ճանապարհին, քանի որ գոնե վթարներ չէին լինում, իսկ հիմա վթար՝ վթարի հետևից:

Պահանջում ու խնդրում ենք, որպեսզի պարտադիր այս հատվածում արագաչափ դնեն, հակառակ դեպքում եթե մեր խնդրանքը մերժվեց, դիմելու ենք ծայրահեղ միջոցի, իսկ հարցի ամենալավ լուծումն այն է, որ մի քանի գյուղերով կփակենք ճանապարհը:

Այս պահին ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններից, բայց հույս ունենք, որ գոնե այս մահաբեր ճանապարհի հարցը արագաչափ տեղադրելուց հետո կլուծվի»:  

Քննիչի հանձնարարականով «Opel»-ը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ողբերգական ավտովթարից րոպեներ առաջ մահացածի ծննդյան օրն էր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր