211652_close_icon
views-count805 դիտում article-date 15:14 30-03-2024

ՔՊ-ականները Արագածոտնում հանդիպել են Արցախից տեղահանված քաղաքացիների հետ

Արագածոտնի մարզում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ հանդիպում։

Հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«Հանդիպմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլի Մինասյանը, Վահագն Ալեքսանյանը, Զարուհի Բաթոյանը, Մերի Գալստյանը, Նարեկ Ղահրամանյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը, Միգրացիոն ծառայության տնօրենի տեղակալ Նելլի Դավթյանը, ինչպես նաև մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների պատասխանատու աշխատակիցներ։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ներկայացվել է կառավարության կողմից կատարված աշխատանքը, աջակցության ծրագրերը, ինչպես նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, որոնք դեռևս ձեռք բերած չեն լինի բնակարան, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն։

Քաղաքացիների կողմից բարձրացված մտահոգությունների շարքում էր ՀՀ քաղաքացիություն ստանալը և դրանից բխող իրավական հետևանքները։ Շեշտվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալիս ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացին չի զրկվում իր իրավունքներից, հետագա սոցիալական աջակցություններից։

Արձանագրվել է, որ այն մտահոգությունները, թե իբր բռնի տեղահանվածներին ուղարկում են միայն սահմանամերձ գյուղեր, սին են և հիմնազուրկ. յուրաքանչյուր քաղաքացի ինքն է ընտրում, այն բնակավայրը, որտեղ ցանկանում է տուն գնել կամ կառուցել։

Հնչել են գյուղական բնակավայրերում տնտեսություններ հիմնելու և հողագործությամբ զբաղվելու ծրագրերի առաջարկներ։

Հնչել են նաև քաղաքական հարցադրումներ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները և Կառավարության ներկայացուցիչները կշարունակեն իրենց համատեղ հանդիպումները ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հետ»։

Նմանատիպ նյութեր