211652_close_icon
views-count616 դիտում article-date 17:02 26-02-2024

Վահե Ղազարյանն ու Արփինե Սարգսյանը ՔԿ-ների հետ քննարկել են ՆԳՆ-ում բարեփոխումների հարցը

Փետրվարի 23-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հանդիպել են շուրջ 60 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել հասարակական կազմակերպությունների կատարած աշխատանքը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է լսել ոչ միայն ՆԳ նախարարության ձեռքբերումների, այլև բացթողումների մասին։

Անդրադառնալով նախարարությունում ընթացող բարեփոխումներին՝ Վահե Ղազարյանը մասնավորապես նշել է, որ Ներքին գործերի ձևավորումից հետո ակտիվ բարեփոխումների փուլում է հատկապես Ոստիկանությունը։

Հասարակական ոլորտի ներկայացուցիչներին են ներկայացվել «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հետազոտության արդյունքները։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկաներին հորդորել է հետազոտության վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկություններ՝ նշելով, որ դրանք ստանալուց հետո կձևավորվեն աշխատանքային խմբեր, կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ։

Հանդիպման ընթացքում նախարար Վահե Ղազարյանը, անդրադառնալով պարեկային ծառայության գործունեությանը, խոսել է պարեկների բարեվարքության, քաղաքացիների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, սրտացավության, հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց դերակատարության մասին:
Պատասխանելով հետազոտության մասնակցած անձանց ընտրությանը վերաբերող հարցին՝ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ հարցումների ժամանակ հաշվի են առնվել ինչպես պարեկային ծառայության գործունեության հետ անմիջական առնչվող, այնպես էլ ընկալումների ու պատկերացումների որոշակի տեսակետ ունեցող քաղաքացիների կարծիքը։ Դա արվել է հետևյալ նպատակով. մի դեպքում՝ ունենալ ընդհանուր հանրային ընկալում, մյուս դեպքում՝ ստանալ տեղեկատվություն առաջին աղբյուրից։

Անդրադառնալով միգացիոն քաղաքականության ոլորտում հանրային հաղորդակցությանը վերաբերող հարցադրմանը՝ փոխնախարար Սարգսյանը ընդգծել է, որ քայլեր են ձեռնարկվում հանրային հաղորդակցությունն այդ տեսանկյունից լավարկելու նպատակով: Նա նշել է նաև, որ ոլորտում արդեն իսկ իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ընդգծելով, որ միգրացիոն կառավարումը ռազմավարական առումով նախարարության առաջնահերթություններից է:

Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպմանը քննարկվել են նաև թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ընտանեկան բռնության դեպքերին, ինչպես նաև դպրոցական տեսուչի ինստիտուտին և ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը վերաբերող հարցեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր