211652_close_icon
views-count973 դիտում article-date 18:24 04-01-2024

Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 32-րդ տարեդարձը

Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 32-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել մաքսային համակարգի ստեղծման 32-ամյակին նվիրված միջոցառում: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է մաքսային ծառայողներին.

«Հարգելի՛ մաքսային ծառայողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Հայաստանի մաքսային համակարգի ձևավորման և զարգացման 32-րդ տարեդարձը տոնելիս պետք է ևս մեկ անգամ մեր ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ ստվերի դեմ պայքարը, հարկային և մաքսային կարգապահության ամրապնդումը բոլորի ուշադրության կենտրոնում է: Առանց չափազանցնելու կարող ենք արձանագրել, որ պետական ինստիտուտների զարգացման գործում անգնահատելի է այն առաքելությունը, որն ունենք Պետական եկամուտների կոմիտեում։

Այդ առաքելությանը պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենանք, պատվի մեծ զգացումով։ Մեր նպատակն է ապահովել հարմարավետ, անխոչընդոտ մաքսազերծման ընթացակարգ օրինապահ հարկ վճարողների համար, ներդնել այնպիսի էլեկտրոնային համակարգեր, որոնց օգնությամբ հարկ վճարողն առանց որևէ ավելորդ վարչարարության կկարողանա մաքսազերծել ապրանքը, կկիրառվեն  մաքսազերծման պարզեցված ընթացակարգեր, ինչպես նաև արդյունավետ պայքար մղել մաքսանենգության և մաքսային այլ իրավախախտումների դեմ։

Այս առումով, ակնառու է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով թույլատվական փաստաթղթերի տրամադրումը և մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը՝ հիմքում ունենալով տնտեսվարողների ժամանակն ու ռեսուրսները խնայելու առաջնահերթ նպատակ: Որպես մեկ այլ օրինակ, հիշատակման արժանի է նախնական հայտարարագրման համակարգի կիրառումը, որը հնարավորություն է ընձեռում մաքսային ձևակերպումներն իրականացնել 24/7 ռեժիմով, մինչև 3 ժամվա ընթացքում: Այս համակարգի արդյունավետության մասին վկայում է այն հանգամանքը, որ 2022 թվականին հաջողությամբ ներդրվելուց հետո, նախորդ՝ 2023 թվականին այս համակարգից օգտվողների քանակը եռապատկվել է։ Այս տարի ներդրվել է ծանուցումների էլեկտրոնային համակարգը, որի օգնությամբ մաքսային մարմին-հարկ վճարող շփումը կհասցվի նվազագույնի, կապահովվի հարմարավետ մաքսազերծման ընթացակարգ։

Հարգելի գործընկերներ, տնտեսական անվտանգության ապահովման ուղղությամբ մեր ամենօրյա գործունեության կարևորագույն անելիքներից է մաքսանենգության և իրավախախտումների դեմ չընդհատվող պայքարը: Պետք է փաստել այս ասպարեզում բացահայտումների քանակի շեշտակի ավելացման, հսկողության արդյունավետության աճի մասին: Նախորդ տարվա ընթացքում կանխվել են մաքսանենգության, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի տեղափոխման, մաքսային կանոնների խախտման հարյուրավոր դեպքեր: 2024 թվականին վերոնշյալ օրինախախտումների դեմ պայքարին հարկավոր է նոր եռանդ հաղորդել՝ օգտագործելով համակարգի ձեռք բերած և միջազգային արժեքավոր փորձը, ինչպես նաև՝ հսկողական գործիքակազմի և մեթոդների շարունակական կատարելագործումը: Իրավախախտումների դեմ պայքարը հնարավոր չէ առանց բարեվարք մաքսային ծառայողների։ Թեև ամեն տարի արձանագրում ենք, որ բարեվարքության համակարգի ներդրման և զարգացման միջոցով կադրային հսկայական բարեփոխումներ ենք իրականացնում, ցավոք սրտի, պետք է նշել, որ համակարգում շարունակվում են կոռուպցիոն դրսևորումները։ Դրա դեմ պայքարը որևէ պահի չի թուլանալու, վստահ եմ, որ առաջիկա կառուցվածքային փոփոխություններն էլ ավելի են նպաստելու այս չարիքի դեմ պայքարի արդյունավետությանը։ 

Շարունակվում են իրականացվել մեծածավալ աշխատանքներ սահմանային անցման կետերի և այլ մաքսային հսկողության գոտիների արդիականացման ուղղությամբ։ 2024 թվականին Եվրամիության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ չափազանց կարևոր աշխատանք է սպասվում մեր երկրի հարավային դարպասի՝ Մեղրիի սահմանային նոր անցակետի կառուցման ուղղությամբ՝ նպատակ ունենալով շատ մոտ ապագայում ապահովել միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմաններ, մաքսային ծառայության բովանդակային և որակական փոփոխություններ: Առաջիկա 2 տարիներին Մեղրիում նախատեսվում է կառուցել 4000 քմ մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արևային էներգակայանով: Մեկնարկել են Բագրատաշեն մաքսակետի և Երևանի արտաքին տնտեսական գործունեության կետի կառուցման աշխատանքները։

Օգտագործելով առիթը՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել բարեվարքության սկզբունքների պահպանման խիստ կարևորությանը: Լիահույս եմ, որ մաքսային ծառայողները, գիտակցելով հանրային շահի գերակայությունը, կնպաստեն ստվերի դեմ պայքարին, պատվով կիրականացնեն իրենց առաքելությունը, հանրության հետ շփումներում բարձր կպահեն մաքսային ծառայության հեղինակությունը։

Իր առաքելությունը գիտակցող մաքսային ծառայողը, վերջինիս մասնագիտական առաջխաղացման, սոցիալական բարեկեցության ապահովումը մեր ուշադրության կենտրոնում է։ Վստահ եմ, որ կատարողականի գնահատման նոր համակարգը կնպաստի այս կարևոր նպատակի իրականացմանը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ աշխատանքային և անձնական նորանոր ձեռքբերումներ, առողջություն, անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր առջև դրված խնդիրների իրականացման և Հայաստանի Հանրապետության բարեկեցիկ ապագայի կերտման»:

Այնուհետև տեղի է ունեցել մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով՝ ՀՀ մաքսային համակարգի ստեղծման կապակացությամբ, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու և մաքսային գործի բնագավառում ներդրած ավանդի համար, մաքսային ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՊԵԿ գերատեսչական պարգևներով, այդ թվում` «Մաքսային ծառայությունում ներդրած նշանակալի ավանդի համար», «Մաքսային մարմնում երկարամյա ծառայության համար» մեդալներով և «Պատվավոր մաքսային ծառայող» կրծքանշանով: ՊԵԿ նախագահի հրամանով՝ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար, մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ և հայտարարվել է «Շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր