1840 դիտում
15:50 27-02-2014
Այսօր «Բավարիա»-ն նշում է իր հիմնադրման 114-րդ տարեդարձը
Այսօր իր հիմնադրման 114-րդ տարեդարձն է նշում աշխարհի ամենատիտղոսակիր և ամենահայտնի ակումբներից մեկը` Մյունխենի «Բավարիա»-ն: «Բավարիա»-ն հանդիսանում է Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը: Մյունխենյան ակումբը իր պատմության ընթացքում 23-անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 16 անգամ գավաթակիր, 5 անգամ սուպերգավաթակիր, 6 անգամ գերմանական լիգայի գավաթակիր: Գերմանիայի սահմաններից դուրս «Բավարիա»-ն 5 անգամ հռչակվել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Գավաթակիրների գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, և 3 անգամ աշխարհի ակումբային չեմպիոն:
«Բավարիա»-ի պատմությունը սկիզբ է առնում 1900 թվականի փետրվարի 27-ից, երբ բեռլինցի Ֆրանց Ջոնը իր 10 ընկերների հետ համատեղ, ովքեր և դարձան ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստները` հիմնադրեցին «Բայերն» («Բավարիա») ֆուտբոլային ակումբը: Այն այդպես անվանվեց ի պատիվ գերմանական այդ հողի, որի կենտրոնը համարվում է Մյունխենը: Սակայն հետագայում սովետական լրատվամիջոցներում ակումբին ամրագրվեց «Բայերն»-ի լատինալեզու անվանումը` «Բավարիա»:
Նորաստեղծ ակումբը իր առաջին հանդիպումը անցակցրեց 1900 թվականի ապրիլի 4-ին` անգլիացի Թեյլորի գլխավորությամբ և հաղթեց 7:1 հաշվով: Սակայն առաջին միջազգային խաղում մյունխենցիները` 0:8 հաշվով զիջեցին Պրագայի «ԴՖԿ»-ին:Այդ խայտառակ պարտությունից հետո ղեկավարությունը որոշեց ներդրումների թիվը 3 մարկից ավելացնել միչև 40-ի: 1903 թվականին նրանք հրավիրեցին առաջին լեգիոներին` հոլանդացի Վիլհեմ Հեսելինկին, ով պարբերաբար նաև զբաղվում էր մարզչական աշխատանքով: Նման որոշումը դուր չեկավ մյունխենցի երկրպագուներին, քանի որ այդ ժամանակահատվածում Մյունխենի ամենահեղինակավոր ակումբը համարվում էր «Մյունխեն-1860»-ը:
Ակումբի վերելքը սկսվեց 1907 թվականից, երբ բավարացիները տեղափոխվեցին Մյունխենի Լեոպոլդշտարսսե փողոց: Տեղի ակումբը, որը կոչվում էր ՖԱ «Վակեր»` 1:8 հաշվով ջախջախվեց «Բավարիա»-ից և առաջինը իր վրա զգաց մյունխենցիների ահեղ ուժը:
«Բավարիա»-ի առաջին ձեռքբերումը մյունխենյան ֆուտբոլի առաջատար հռչակվելն էր, իսկ առաջին լուրջ հաջողությունը գրանցվեց 1910 թվականին, երբ նրանք դարձան Արևելյան ռեգիոնալ լիգայի չեմպիոններ:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s70725691.jpg[/img]
Հաջորդ տարի բավարացիներին հաջողվեց պահպանել չեմպիոնական տիտղոսը: Այդ ժամանակահատվածում ակումբի կազմում հանդես էր գալիս ազգային հավաքականի անդամ` Մաքս Գաբլոնսկին, ով հանրությանը հայտնի էր «Գեբերլ» մականունով: Նա իր նորամուտը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում նշեց 1910 թվականի մայիսի 16-ին, երբ Գերմանիան 0:3 հաշվով զիջեց Բելգիայի ընտրանուն: 1920 թվականին «Բավարիա»-ն իր տրամադրության տակ ուներ 700 անդամ և հետագայում դարձավ, այն ինչ այժմ հանդիսանում է` Մյունխենի և Գերմանիայի խոշորագույն ֆուտբոլային ակումբ:
1926 թվականին մյունխենցիները հաղթեցին Գերմանիայի հարավային առաջնությունը, իսկ 1932 թվականին նվաճեցին երկրի առաջնության պատվավոր տիտղոսը: «Բավարիա»-ն ամբողջ Գերմանիայում հայտնի դարձավ նաև այն բանից հետո, երբ 1936 թվականին Գերմանիայի օլիմպիական հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն ստացան մյունխենյան ակումբի ֆուտբոլիստներ` Սիմետստրայտերը, Գոլդբրունները և Մոլը:
1963 թվականին Բունդեսլիգայի տեղծումից միայն երկու տարի անց «Բավարիա»-ին հաջողվեց ձեռք բերել գերմանական էլիտար լիգայի ուղեգիր: 1963 թվականին ակումբի նախագահ ընտրվեց Վիլհելմ Նոյդեկկերը, ով գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց հարավսլավացի Զլատկո Չայկովսկուն: Այդ ժամանակ թիմում արդեն հանդես էին գալիս Զեպ Մայերը և Ֆրանց Բեկենբաուերը, իսկ 1964 թվականին թիմը համալրեց Գերդ Մյուլլերը:
Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում «Բավարիա»-ն զբաղեցրեց երրորդ տեղը և դարձավ երկրի գավաթակիր, ինչը նրանց հնարավորություն ընձեռեց հանդես գալ Եվրոպայի Գավաթակիրների Գավաթի խաղարկությանը: Եվրոպական մրցասպարեզում «Բավարիա»-ի նորամուտը հաղթական եղավ: 1967 թվականի մայիսի 31-ին Նյուրնբերգում, 70 հազար երկրպագուների աջակցությամբ «Բավարիա»-ն պարտության մատնեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս»-ին: Խաղի միակ և հաղթական գնդակը լրացուցիչ ժամանակի ավարտից երկու րոպե առաջ խփեց 21-ամյա Ֆրանց Ռոտը` մյունխենյան ակումբի 60-ական թվականների լեգենդը:
Սակայն մյունխենցիներին տիտղոսը պահպանել չհաջողվեց, իսկ թիմի գլխավոր մարզիչ Չայկովսկին պաշտոնանկ արվեց: Նրա փոխարեն թիմ հրավիրվեց Չայկովսկու հայրենակից Բրանկո Զեբեչը:
1969 թվականին «Բավարիա»-ն առաջին անգամ հռչակվեց Բունդեսլիգայի չեմպիոն և կրկին տիրացավ երկրի գավաթին: Ընդ որում առաջնության առաջին շրջանի ընթացքում թիմը հանդես եկավ միևնույն կազմով` Մայեր, Կուպերշմիդտ, Բեկենբաուեր, Շվարցենբեկ, Պում, Օլկ,Ստարեկ, Ռոտ, Օլհաուզեր, Գ.Մյուլլեր, Բրեննինգեր:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s60660135.jpg[/img]
Այդուհանդերձ «Բավարիա»-ի նորամուտը Չեմպիոնների գավաթում անհաջող էր: Մյունխենցիները մրցաշարը լքեցին հենց առաջին փուլում, երբ երկու խաղերի արդյունքում զիջեցին ֆրանսիական «Սենտ-Էտիեն»-ը: Թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ուդո Լատտեկը, ում հաջողվեց կառուցել թիմ, որի անունը շուտով թնդաց ամբողջ Եվրոպայում: Իր աշխատանքի առաջին տարում «Բավարիա» հրավիրվեցին Պաուլ Բրայտները և Ուլի Հյոնեսը, ովքեր Բեկենբաուերի, Մյուլլերի, Մայերի և Շվարցենբեկի հետ կազմեցին թիմի կորիզը:
1974 թվականին «Բավարիա»-ն առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Եզրափակիչում մյունխենցիները հանդիպեցին Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ: Խաղի հիմնական ժամանակ ավարտվեց 0:0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում իսպանացիները առաջ անցան հաշվի մեջ: «Ատլետիկո»-ի երկրպագուները արդեն սկսել էին տոնել իրենց թիմի հաջողությունը, երբ եզրափակիչ սուլիչից 7 վայրկյան առաջ Գեորգ Շվարցենբեկը դիպուկ հարվածով անսպասելիորեն հավասարեցրեց հաշիվը: Քանի, որ այն ժամանակվա կանոններով եզրափակիչ խաղերում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարեր չէին նշանակվում` հաջորդ օրը հանդիպումը վերախաղարկվեց, և «Բավարիա»-ն 4:0 հաշվով ջախջախեց իսպանական ակումբին: Այդ տարի «Բավարիա»-ի խաղացողները կազմեցին ԳՖՀ հավաքականի կորիզը և հարազատ հողում հռչակվեցին աշխարհի չեմպիոններ: Հոլանդիայի հետ եզրափակիչ խաղում գերմանացիներին հաղթանակ պարգևեցին Պաուլ Բրայտների և Գերդ Մյուլլերի գոլերը:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s56262683.jpg[/img]
1975 թվականին «Բավարիա»-ն գլխավորեց Դետմար Կրամերը, ով հայտնի էր «ամենակարող մկնիկ» մականվամբ: Այդ տարի մյունխենյան ակումբը Բունդեսլիգայում անսպասելիորեն գրավեց 10-րդ տեղը, սակայն եվրագավաթներում հանդես եկավ ինչպես հարկն է և երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների գավաթակիր: Եզրափակիչում բավարացիները 2:0 հաշվով առավելության հասան «Լիդս»-ի նկատմամբ: Հատկանշական է, որ «Բավարիա»-ն 1/4 եզրափակիչում հաղթահարեց լեգենդար «Արարատ»-ի արգելքը: Մյունխենում կայացած խաղն ավարտվեց տանտերերի 2:0 հաշվով հաղթանակով, իսկ Երևանում տեղի ունեցած մրցավեճում հայկական թիմը Արկադի Անդրեասյանի միակ գոլի շնորհիվ պարտության մատնեց ահեղազոր մրցակցին, սակայն երկու խաղերի արդյունքում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց հենց «Բավարիա»-ն:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s76184916.jpg[/img]
1976 թվականին «Բավարիա»-ն կրկին անկասելի էր Եվրոպայում: Եզրափակիչում մյունխենցիները Ֆրանց Ռոտի միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Սենտ-Էտիեն»-ին և երրորդ անգամ անընդմեջ հռչակվեցին Եվրոպայի ուժեղագույն ակումբը: Այդուհանդերձ «Բավարիա»-ն չկարողացավ տիրանալ Եվրոպայի սուպերգավաթին, որի համար մրցավեճում զիջեց Կիևի «Դինամո»-ին: 1976 թվականին «Բավարիա»-ի «ոսկե» ժամանակաշրջանը ավարտվեց:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s73986932.jpg[/img]
1980-ական թվականներին թիմում բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին: Դրանք պայմանավորված էին թիմի ֆինանսական և կադրային խնդիրների հետ: Այդուհանդերձ դա «Բավարիա»-ին չէր խանգարում հանդես գալ սուպերակումբի մակարդակով: Առավել հաջող թիմը սկսեց հանդես գալ 1983-1987 թթ ընկած ժամանակահատվածում, երբ թիմը կրկին գլխավորեց լեգենդար Ուդո Լատեկը: 1982 թվականին մյունխենցիները հասան Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որտեղ 0:1 հաշվով զիջեցին «Ասթոն Վիլլա»-ին:
1982,1984 և 1986 թվականներին «Բավարիա»-ն հռչակվեց Գերմանիայի գավաթակիր: 1981, 1985, 1987,1989 և 1990 թվակականներին թիմը դարձավ Գերմանիայի չեմպիոն: Այդուհանդերձ եվրոպական մրցասպարեզում թիմը բավականին երկար տարիներ չէր կարողանում հաջողության հասնել: 1987 թվականին «Բավարիա»-ն կրկին հասավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, սակայն կրկին ցավալի պարտություն կրեց «Պորտու»-ից: Մյունխենցիները 25-րդ րոպեին Կյոգլի խփած գոլից հետո առջևում էին հաշվի մեջ, սակայն խաղավերջում 4 րոպեի ընթացքում երկու գոլ բաց թողեցին և պարտվեցին:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s64296591.jpg[/img]
1990-ական թվականների սկզբին «Բավարիա»-ն մեծ հաջողությունների չէր կարողանում հասնել, բայց 1994 թվականին թիմը գլխավորեց լեգենդար Ֆրանց Բեկենբաուերը և հենց այդ տարի մյունխենցիները հաղթեցին Գերմանիայի առաջնությունում: Այդ տարի Բեկենբաուերը դարձավ ակումբի տնօրեն, իսկ գլխավոր մարզիչ նշանակվեց Ջովանի Տրապատոնին, իսկ այնուհետև Օտտո Ռեհագելը, սակայն նրանք չարդարացրեցին սպասելիքները: 1996 թվականին Բեկենբաուերը վերադարձավ մարզչական գործունեության և թիմի հետ նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s22060764.jpg[/img]
1998 թվականին «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ նշանակվեց Օտմար Հիցֆելդը, ով մինչ այդ գլխավորում էր Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի հետ գերմանացի մասնագետը կարողացել էր երկու անգամ հաղթել Գերմանիայի առաջնությունում և 1997 թվականին նվաճել էր Չեմպիոնների լիգայի գավաթը: Նոր մարզչի հետ թիմը անմիջապես հասավ հաջողությունների, ինչպես ներքին, այնպես էլ եվրոպական մրցասպարեզում: 1998/1999 մրցաշրջանում «Բավարիա»-ն հաղթեց Գերմանիայի առաջնությունում և հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում զիջեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Գերմանական ակումբին մի քանի վայրկյան չբավականացրեց տիրանալու բաղձալի գավաթին: Մինչև 91-րդ րոպեն մյունխենցիները Մարիո Բասլերի գոլի շնորհիվ առջևում էին հաշվի մեջ, սակայն երկու րոպեի ընթացքում երկու գնդակ բաց թողեցին և ողբերգական պարտություն կրեցին:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s86624493.jpg[/img]
Այդուհանդերձ «Բավարիա»-ն հասավ իր ուզածին 2001 թվականին և 25 տարվա դադարից հետո կրկին հռչակվեց Եվրոպայի ակումբային չեմպիոն: Այդ տարի 1/4 եզափակիչում «Բավարիա»-ն ռևանշի հասավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նկատմամբ: Կիսաեզրափակիչում պարտության մատնվեց Մադրիդի «Ռեալ»-ը, իսկ եզրափակիչում լեգենդար դարպասապահ Օլիվեր Կահնի հերոսական խաղի շնորհիվ, հետխաղայա 11 մետրանոցներով «Բավարիա»-ն ուժեղ գտնվեց «Վալենսիա»-ից: 2001 թվականին դրամատիկ սցենարով «Բավարիա»-ն հաղթեց նաև Գերմանիայի առաջնությունը: Վերջին տուրի խաղի վերջին րոպեին շվեդ պաշտպան Պատրիկ Անդերսոնի «Համբուրգ»-ի դարպասը խփած գոլը թույլ տվեց մրցաշարային աղյուսակում գերազանցել «Շալկե 04»-ին և հռչակվել Գերմանիայի ուժեղագույն ակումբ:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s28318884.jpg[/img]
Սակայն հետագա տարիների ընթացքում թիմը անկում ապրեց և 2004 թվականին Հիցֆելդը հեռացավ ակումբից: Մյունխենյան գրանդի գլխավոր մարզչի պաշտոնում Հիցֆելդին փոխարինեց Ֆելիքս Մագատը: «Երկաթյա Ֆելիքսի» գլխավարությամբ «Բավարիա»-ն 2005 և 2006 թվականներին դարձավ երկրի չեմպիոն և գավաթակիր: Սակայն Մագատի և թիմի առաջատար խաղացողների միջև տարաձայնություններ առաջացան, որից հետո Մագատը հեռացավ ակումբից: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնում կրկին նշանակվեց Օտմար Հիցֆելդը: 2006/2007 մրցաշրջանում թիմը անհաջող հանդես եկավ Բունդեսլիգայում և մրցաշրջանի արդյունքներով գրավեց 4-րդ տեղը: Դրա հետևանքով մյունխենյյան ակումբը զրկվեց Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքից, սակայն հնարավորություն ստացավ հանդես գալ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Հիցֆելդի թիմը հասավ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկութան կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում զիջեց «Զենիթ»-ին: Մյունխենում կայացած առաջին խաղը ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով, իսկ Սանկտ-Պետերբուրգում մյունխենցիները 0:4 հաշվով խայտառակ պարտություն կրեցին ռուսական ակումբից և լքեցին մրցաշարը:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s11364281.jpg[/img]
2008-2009 մրցաշրջանը կրկին անհաջող դասավորվեց «Բավարիա»-ի համար: Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց Յուրգեն Կլինսմանը, ում օրոք թիմը անփառունակ ելույնթեր ունեցավ: Մրցաշրջանի վերջում Կլինսմանը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից և գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Յուպ Հայնկեսը, ով 1989 և 1990 թվականներին մյունխենյան ակումբի հետ դարձել էր Գերմանիայի չեմպիոն: Հայնկեսը կարողացավ շտկել իրավիճակը, սակայն արդյունքում «Բավարիա»-ին չհաջողվեց հաղթել առաջնությունում: Մրցաշրջանի վերջում մյունխենյան ակումբի ղեկավարները հրաժարվեցին Հայնկեսի ծառայություններից, սակայն երկու տարի անց ակումբի նախագահ Ուլի Հյոնեսը հայտարարեց, որ դա իր ամենասխալ որոշումն էր:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s43290530.jpg[/img]
2009 թվականին Մյունխեն եկավ լեգենդար Լուի վան Գալը: Հոլանդացու գլխավորությամբ առաջին մրցաշրջանը բավականին հաջող ստացվեց թիմի համար: Մյունխենցիները հաղթեցին երկրի առաջնությունում, գավաթում և հասան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով զիջեցին «Ինտեր»-ին: Սակայն հաջորդ մրցաշրջանը բավականին անհաջող դասավորվեց «Բավարիա»-ի համար: Մյունխենցիները մրցաշրջանի երկրորդ կեսի միջնամասում անհաջողության մատնվեցին: Մի քանի շաբաթվա ընթացքում թիմը ձախողվեց Գերմանիայի գավաթի, Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղերում, որից հետո վան Գալին պաշտոնանկ անելու որոշում կայացվեց: Մրցաշրջանի վերջնամասում գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց վան Գալի օգնական Անդրեաս Յոնկերը: Տվյալ մրցաշրջանում «Բավարիա»-ն Բունդեսլիգայում զբաղեցրեց երրորդ տեղը, Գերմանիայի գավաթի կիսաեզափակիչում զիջեց «Շալկե 04»-ին, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչում պարտվեց «Ինտեր»-ին:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s39441924.jpg[/img]
Հաջորդ մրցաշրջանում «Բավարիա»-ն կրկին գլխավորեց Յուպ Հայնկեսը: Մյունխենցիները, ինչպես միշտ պայքարում էին չեմպիոնության համար, սակայն Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում զիջեցին Դորտմունդի «Բորուսիա»-ին: Առաջնությունում մյունխնեցիները զբաղեցրեցին երկրորդ տեղը, իսկ Գերմանիայի գավաթի եզրափակիչում 2:5 հաշվով կրկին զիջեցին Դորմունդի «Բորուսիա»-ին: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Բավարիա»-ն իր պատմության ընթացքում 9-րդ անգամ հասավ մինչև եզրափակիչ, որը անցկացվեց «Ալիանց Արենայում»: Այդուհանդերձ հարզատ պատերը չօգնեցին «Բավարիա»-ին հաղթանակ տանել «Չելսի»-ի նկատմամբ: 83-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը բացեց հանդիպման հաշիվը: Թվում էր, թե հաղթանակը շատ մոտ է, սակայն 88-րդ րոպեին Դիդյե Դրոգբան հավասարեցրեց հաշիվը: Լրացուցիչ ժամանակում մյունխենցիները 11 մետրանոցի իրավունք ստացան, սակայն Արիեն Ռոբենի հարվածից հետո Պետեր Չեխը որսաց գնդակը: Արդյունքում հիմնական և լրացուցիչ ժամանակում հաղթողը ի հայտ չեկավ և նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Չելսի»-ի խաղացողների հարվածները: Արդյունքում «Բավարիա»-ն 2011/12 մրցաշրջանում տանուլ տվեց բոլոր երեք ճակատներում և ամենուրեք դարձավ երկրորդը:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s79178031.jpg[/img]
2013 թվականը ֆուտբոլային աշխարհում նշանավորվեց, որպես «Բավարիա»-ի գերիշխանության տարի: Մյունխենցիները վերջին 4 տարում երեք անգամ դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և վերջապես երրորդ փորձից կարողացան նվաճել բաղձալի տիտղոսը: Նախորդ երկու պարտված եզրափակիչները ավելի ուժեղ դարձրեցին «Բավարիա»-ին: 2012/2013 մրցաշրջանում «Բավարիա»-ն նման էր «վիրավոր գազանի», որը իր ճանապարհին հոշոտում էր բոլոր մրցակիցներին: Մյունխենցիները դաժան հաշվեհարդար տեսան ժամանակին իրենց «վիրավորած» մրցակիցների նկատմամբ և փառահեղ կերպով բազմեցին համաշխարհային ֆուտբոլի գահաթոռին: Արդյունքում մյունխենյան ակումբը տարին ավարտեց նվաճած 5 տիտղոսով`Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր,Չեմպիոնների լիգայի գավաթակիր,ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Աշխարհի ակումբային չեմպիոն:
2013 թվականի ընթացքում «Բավարիա»-ն դարձավ բազմաթիվ ռեկորդների հեղինակ: Բունդեսլիգայի հոբելյանական 50-րդ մրցաշրջանում մյունխենցիները առաջնության ավարտից 6 տուր առաջ ապահովեցին չեմպիոնական տիտղոսը և այդպիսով նոր ռեկորդ գրանցեցին:Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել այդքան վաղաժամ ապահովել իր չեմպիոնությունը: Մրցաշարային աղյուսակում չեմպիոն «Բավարիա»-ն երկրորդ տեղը զբաղեցրած «Բորուսիա»-ին գերազանցեց 25 միավորով:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s38690251.jpg[/img]
«Բավարիա»-ն նաև մեկ շնչով հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որի ճանապարհին ջախջախվեցին «Արսենալ»-ը, «Յուվենտուս»-ը և «Բարսելոնա»-ն: Վճռորոշ խաղում մյունխենցիները հանդիպեցին իրենց համար վերջին տարիներին ամենանհարմար մրցակցին` Դորտմունդի «Բորուսիա»-ին: Այդ խաղում իրեն փայլուն դրսևորեց 2012 թվականի եզրափակչի հակահերոսը` Արիյեն Ռոբենը, ով «Բորուսիա»-ի հետ խաղին դարձավ գոլային փոխանցման և հաղթական գոլի հեղինակ: Այդպիսով հոլանդացին քավեց իր մեղքերը և 5-րդ բաղձալի տիտղոսը պարգևեց «Բավարիա»-ին:
Հաղթական ալիքի տակ Գերմանիայի գավաթի եզրափակիչում պարտության մատնվեց նաև «Շտուտգարտ»-ը և այդպիսով «Բավարիա»-ն դարձավ գերմանական այն միակ թիմը, որին հաջողվեց մեկ մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանել երեք ճակատներում` Չեմպիոնների լիգայում, Բունդեսլիգայում և Գերմանիայի գավաթում: Այդ հաղթական նոտայով թիմին հրաժեշտ տվեց Յուպ Հայնկեսը և 2013 թվականի հուլիսից թիմը գլխավորեց Պեպ Գվարդիոլան:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s58664149.jpg[/img]
Իսպանացի մասնագետի գլխավորությամբ «Բավարիա»-ն շարունակում է իր անհավանական ելույթները: Գվարդիոլայի հետ մյունխենցիները նվաճեցին նաև ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, որը առաջինն էր ակումբի պատմության ընթացքում և հռչակվեցին աշխարհի ակումբային չեմպիոն:
2013/ 2014 մրցաշրջանի առաջին կեսում «Բավարիա»-ն մի շարք ռեկորդներ սահմանեց, ինչպես Բունդեսլիգայում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում:
- Անընդմեջ հաղթանակների ռեկորդ. Մյունխենի «Բավարիան» դարձավ Չեմպիոնների լիգայում 10 անընդմեջ հաղթանակ տարած առաջին ակումբը:
- Անպարտելիության ռեկորդ. մյունխեցնիները կարողացան գերազանցել «Համբուրգ»-ի ռեկորդը, որը գրանցվել էր 1982-83 թթ մրցաշրջանում և բաղկացած էր 37 անպարտելի հանդիպումների շարքից: «Բավարիա»-ն իր անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 43-ի:
- Մարզչական ռեկորդ. Պեպ Գվարդիոլան Բունդեսլիգայի իր առաջին մրցաշրջանում նոր ռեկորդ սահմանեց: Իսպանացին «Բավարիա»-ի գլխավորությամբ անպարտելի է 21 անընդմեջ խաղում: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1978-79 մրցաշրջանում և պատկանում էր «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլ-Հայնց Ֆելդկամպին:
- Առաջին շրջանում վաստակած միավորների ռեկորդ. Պեպ Գվարդիոլայի սաները 17 խաղից վաստակեցին 47 միավոր: Մինչ այդ ոչ մի թիմի չէր հաջողվել Բունդեսլիգայի առաջին շրջանում այդքան միավոր վաստակել:
- Տարվա ընթացքում առավել քանակությամբ վաստակած միավորների ռեկորդ. 2013 թվականի ընթացքում մյունխենցիները վաստակեցին ռեկորդային 93 միավոր:
[img]http://bavaria-munchen.do.am/_si/0/s18306881.jpg[/img]
«Բավարիա»-ն յուրահատուկ է ոչ միայն ինքն իրենով, այլև այդ մեծ համակարգում ներգրավված մարդկանցով: Ակումբի ստեղծման, կայացման և հաջողությունների մեջ մեծ ավանդ ներդրած մարդկանց մասին կարելի է խոսել բավակնին երկար, սակայն նրանցից մեկին այդուհանդերձ պետք է առանձնացնել: «Բավարիա»-ի վերջին 34 տարիների հաջողությունների գլխավոր «մեղավորը» ակումբի ներկայիս նախագահ Ուլի Հյոնեսն է, ով փայլուն ֆուտբոլիստ լինելուց զատ դարձավ նաև հանճարեղ մարզական տնօրեն և նախագահ:
Ֆուտբոլիստի փառահեղ կարիերան 27 տարեկան հասակում ավարտելուց հետո Ուլի Հյոնեսը դարձավ իր հարազատ ակումբի մարզական տնօրենը: Բունդեսլիգայի պատմության ամենաերիտասարդ մարզական տնօրենի աշխատանքային առաջին տարիները շատ բարդ ստացվեցին, քանի որ ակումբը գտնվում էր ծանր իրավիճակում: 1979 թվականի տվյալներով ակումբի բյուջեն կազմում էր 6 մլն եվրոյին համարժեք մարկ, իսկ պարտքերը` 3,5 մլն: Ընդ որում այդ պահին «Բավարիա»-ն վերջին անգամ Բունդեսլիգայի չեմպիոն էր հռչակվել 5 տարի առաջ, երբ Հյոնեսը դեռևս հանդես էր գալիս մյունխենցիների կազմում: 30 տարվա ընթացքում Ուլի Հյոնեսը «Բավարիա»-ին դարձրեց եվրոպական ֆուտբոլի գրանդ և Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբը: Նրա ջանքերի շնորհիվ «Բավարիա»-ն 16 անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, 11 անգամ Գերմանիայի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, Միջմայրցամաքային գավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր: Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակում «Բավարիա»-ն 295 մլն եվրո բյուջեով զբաղեցնում է 4-րդ տեղը: «Բավարիա»-ի հաջողությունների ամենամեծ մասնաբաժինը հասնում է հենց Ուլի Հյոնեսին:
2013 թվականի տվյալներով «Բավարիա»-ն հայտարարել է ռեկորդային ֆինանսական ցուցանիշների մասին, որին ակումբը հասել է 2012/13 մրցաշրջանում: Մյունխենյան ակումբի եկամուտը կազմել է 432,8 մլն եվրո: Այդպիսով գերմանական ամենատիտղոսակիր ակումբը իր պատմության ընթացքում աշխատել է ավելի քան 400 մլն եվրո: Եվ այդ ամենին ակումբը հասել է ղեկավարների քրտանաջան և հոգատար աշխատանքի շնորհիվ:
[b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
23:43 07-10-2022
Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը
970 դիտում
18:24 04-01-2024
Մաքսային ծառայությունը նշում է հիմնադրման 32-րդ տարեդարձը
1261 դիտում
17:11 06-02-2021
Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան
Այս բաժնից
2356 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2707 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4015 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային