211652_close_icon
views-count970 դիտում article-date 15:37 22-12-2023

Փաշինյանը շնորհավորել է Եգիպտոսի նախագահին՝ վերընտրվելու կապակցությամբ և Քուվեյթի էմիրին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի արդյունքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը կշարունակեք ծառայեցնել ինչպես Ձեր երկրի հետագա զարգացմանն ու առաջընթացին, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում խաղաղության և կայունության հաստատմանը:

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը, ինչը վկայում է եգիպտացի բարեկամ ժողովրդի՝ Ձեր նկատմամբ ունեցած վստահության մասին, նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը և հնարավորություն կընձեռի շարունակելու համատեղ համաձայնեցված մեր ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության աշխուժացմանն ուղղված ջանքերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն  և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական բարգավաճում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Քուվեյթի Պետության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր այս առաքելության իրագործման ճանապարհին։

Մեր երկրների միջև առկա հարաբերություններն ունեն զարգանալու և խորանալու ներուժ։

Պատրաստակամություն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

Նմանատիպ նյութեր